Արմինֆո. Հայաստանի թանգարանները կուսումնասիրեն ԱՄՆ փորձը մշակութային հաստատությունների կառավարման ոլորտում։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Մշակույթի զարգացման հիմնադրամի մամուլի ծառաայությունից, Հայաստանի 9 թանգարանների տնօրեններ մայիսի 27-ից մինչեւ հունիսի 7-ը կմասնակցեն ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպվող «Միջազգային այցելու» ծրագրին՝ «Մշակութային կազմակերպություններում կառավարման գերազանցության խթանումը» թեմայով։ Այդ նախաձեռնությունը հնարավոր է դարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Մշակույթի զարգացման հիմնադրամի համագործակցության շնորհիվ:
Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ մշակութային հաստատություններում, թանգարաններում, ինչպես նաև պետական հաստատություններում, մասնավորապես, Վաշինգտոնում, (Կոլումբիա), Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա), Թուլսայում (Օկլահոմա):
Ծրագրի նպատակը, որը նախաձեռնել և համակարգում է Մշակույթի զարգացման հիմնադրամը, հնարավորություն ընձեռել հայկական հաստատություններին երկկողմ և բազմակողմ կապեր հաստատել ապագա համագործակցության, համատեղ նախագծերի իրականացման և փորձի փոխանակման համար:
«Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է Հայաստանի թանգարանների ղեկավարների համար՝ ծանոթանալու մշակութային կառավարման ժամանակակից մեթոդներին, ընդլայնելու համագործակցության շրջանակները և ներկայացնելու հայկական մշակութային ժառանգությունը միջազգային հարթակներում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ նմանատիպ ծրագրերը լինեն արդյունավետ ու շարունակական»,- նշել է հիմնադրամի արտաքին կապերի ղեկավար Հայկ Մկրտչյանը։
Նշենք, որ ԱՄՆ մեկնող պատվիրակության կազմում են Ազգային մշակութային պատկերասրահի, Սերգեյ Փարաջանովի թանգարանի, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Չարենցի տուն-թանգարանի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի և «Սարդարապատ» հուշահամալիրի, Պատմական միջավայրի պահպանության ծառայության և պատմամշակութային արգելոց-թանգարանների ղեկավարները: