Արմինֆո. ՀՀ կառավարությունը մայիսի 22-ին հավանություն է տվել Աշխատանքի միջազգային կազմակերպության «Բռնության և ոտնձգության մասին կոնվենցիա, 2019թ. (թիվ 190)» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, կոնվենցիան սահմանում է աշխատանքում «բռնություն և ոտնձգություն» եզրույթը, ինչպես նաև անդամ պետության գործողությունները աշխատանքում բռնությունն ու ոտնձգությունը կանխելու և բացառելու ուղղությամբ։ Կոնվենցիան կիրառվում է և՛ մասնավոր, և՛ պետական հատվածներում, ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ տնտեսությունում։ Այն կիրառվում է աշխատանքում բռնության և ոտնձգության նկատմամբ, որոնք տեղի են ունենում աշխատանքի ընթացքում, կապված են աշխատանքի հետ կամ բխում են դրանից։ Կոնվենցիայի վավերացումը կխթանի, մասնավորապես՝ աշխատավայրի անվտանգության և առողջության պահպանմանը. կոնվենցիայի վավերացումը կամրապնդի Հայաստանի հանձնառությունը` ապահովելու անվտանգ և առողջ աշխատատեղեր բոլոր աշխատողների համար: Կոնվենցիան անդրադառնում է աշխատանքային հարաբերություններում բռնությանը և ոտնձգություններին, ինչը կարևոր է աշխատողների անվտանգության և բարեկեցության բարելավման համար: