Արմինֆո. Ակադեմիկոս Անդրեյ Սախարովը և նրա կինը՝ Ելենա Բոներ-Ալիխանյանը, իրենց կյանքը նվիրել են արցախցիների ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը՝ հարցը բարձրացնելով բոլոր բարձր ամբիոններից: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը:
"Այսօր ակադեմիկոս Անդրեյ Սախարովի ծննդյան օրն է։ Մենք հիշում ենք, թե ինչպես են իրենց կյանքի վերջին տարիներն ականավոր գիտնականը և նրա կինը՝ Ելենա Բոներ-Ալիխանյանը, նվիրել արցախցիների ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը՝ մեր հարցը բարձրացնելով բոլոր բարձր ամբիոններից:
Հայտնի քանդակագործ Անդրեյ Պոտոցկու հեղինակած՝ մարդու իրավունքների ականավոր պաշտպանին նվիրված այս հուշարձանը փոխադրվել էր Մոսկվայից և պատշաճ պատիվներով տեղադրվել Ստեփանակերտ քաղաքի թիվ 8 դպրոցի բակում, որը հպարտորեն կրում էր նրա անունը:
"Քաջալերվեք, հայեր, ձեր գործն իրավացի է", - գիտնականի այս խոսքերը փորագրված էին պատվանդանի վրա: Հիմա արդեն հուշարձանը չկա, ինչպես նաև՝ Ստեփանակերտում ադրբեջանական օկուպացիոն վարչակազմի կողմից ոչնչացված հարյուրավոր այլ հուշարձաններ ու քանդակներ", - գրել է Շահվերդյանը՝ գրառմանը կից զետեղելով քանդակի լուսանկարը։