Արմինֆո. Նախօրեին ձերբակալված Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության աշխատակիցները կալանավորվել են: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի կալանավորված երկու պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար: Համանման մեղադրանք է առաջադրվել ՆԳՆ տնտեսական դեպարտամենտի երկու աշխատակցի (գնումներ կատարելիս կաշառք ստանալը):
Նախօրեին հաղորդվել էր, որ քաղաքապետարանի ձերբակալված անձինք Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցներ են:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ ևս մեկ քրեական գործ էր հարուցվել այս տարվա մարտի սկզբին։ Հետաքննության շրջանակում անցնում է 11 մարդ, որոնցից չորսը ձերբակալվել են, այդ թվում ՝ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը: