Արմինֆո.Հայաստանը չի դիտարկում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վերաֆորմատավորման հարցը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մայիսի 21-ին Երեւանում ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ամփոփիչ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը դիտարկում է Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի հետ հարաբերությունների վերանայման հնարավորությունը, հաշվի առնելով իր իսկ երեկվա հայտարարությունն այն մասին, որ անվտանգության ճարտարապետությունը ցույց է տվել իր անարդյունավետությունը, Միրզոյանն առաջարկել է դիտարկել եվրոպացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ իր երեկվա հայտարարության ողջ համատեքստը ։ Հայ նախարարն ընդգծել է, որ անվտանգության խարխլված ճարտարապետության մասին խոսելիս, նախ, նկատի է ունեցել, որ այն իր արդյունավետությունը չի ցուցաբերել մի շարք երկրներում: "Այո, իհարկե, ես մեր երկիրն էլ եմ նկատի ունեցել։ Ես դա չեմ ժխտում։ Մենք մեր տխուր փորձից հասկացել ենք, որ այդ ճարտարապետությունը չի աշխատում", - ընդգծել է նախարարը։ Այդ առումով նա փաստել է, որ Հայաստանը ստիպված էր վերանայել, վերակառուցել, կատարելագործել անվտանգության այդ համակարգը։ Ընդ որում, Միրզոյանն ընդգծել է, որ այդ գործընթացն ունի պերմանենտ բնույթ։
"Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք մենք պատրաստվում ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ - ի հետ, ապա ուղղակի կասեմ՝ ոչ։ Մեր պարտավորությունները, իրավունքները, ինչպես նաև միմյանց նկատմամբ մեր մտադրությունները հստակ ձևակերպված են թղթի վրա, ստորագրված և վավերացված են: Ոչ ոք դրանք չի չեղարկել", - ասել է Հայաստանի արտգործնախարարը։
Միաժամանակ, Միրզոյանը նշել է, որ հայտնի են Երևանի մտահոգությունները այն մասով, որ առկա մեխանիզմները ոչ միշտ են և ոչ պարտադիր լիարժեք աշխատել են: Սակայն, ըստ նրա, դա բոլորովին այլ հարց է։
"Այստեղ կարելի է խոսել այդ մեխանիզմների արդյունավետությունը բարձրացնելու հնարավորության մասին։ Բայց այդ հարաբերությունների վերաֆորմատավորման հարց մեր օրակարգում չկա", - հավելել է Հայաստանի գլխավոր դիվանագետը։
Այնուհետև նա անդրադարձել է բազմակողմ հարթակների, մասնավորապես, ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների համագործակցությանը և ընդգծել, որ Երևանում բավարարված չեն կոնկրետ ստեղծված իրավիճակներին այդ կազմակերպության արձագանքից: Այդ առումով նա հիշեցրել է, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ "Այստեղ ես ավելի հեռուն գնացող հետևություններ չէի անի, բայց նաև կուզենայի արձանագրել, որ Լավրովի հետ մեր քննարկումները շատ կառուցողական են, ներառում են ինչպես խնդրահարույց բաղադրիչներ, այնպես էլ՝ դրական։ Մեզ մոտ առողջ քննարկումներ են ընթանում", - ամփոփել է Միրզոյանը։