Արմինֆո. Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր տեղեկություն փակ բաժնետիրական մի ընկերության ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ:
ՆԳՆ Ոստիկանության հաղորդագրության համաձայն, ստուգումներով ձեռք են բերվել նոր փաստական տվյալներ, որ ընկերությունը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի վարչական տարածքի 46 հեկտար մակերեսի վրա ունենալով բազալտի հանքարդյունահանման թույլտվություն, 2022 թվականի օգոստոսից մինչ օրս արդյունահանում է կատարել նաև հարակից 7,6 հեկտարի վրա և մոտ 24 հազար խորանարդ մետր հանույթը տեսակավորման կետից իրացրել շուրջ 117 միլիոն դրամով (ավելի քան 305000 դոլար-խմբ.), ինչի հետևանքով պետությանը և համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
«Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են», - նշվում է հաղորդագրությունում: