Արմինֆո. Հայաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի առնչությամբ։ Այդ մասին մայիսի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, մեկնաբանելով իր ներկայացրած նախաձեռնությունը, որն ուղղված է զինված ուժերում ծառայությունից խուսափողների թվի կրճատմանը։
Սարգսյանի խոսքով՝ օրենքն անհրաժեշտ էր ընդունել շատ ավելի վաղ, հաշվի առնելով զորակոչի առնչությամբ ստեղծված իրավիճակը, սակայն, այնուամենայնիվ, լավ է ուշ, քան երբեք։ Պատգամավորը նշել է, որ հաճախ մինչև 16 տարեկան արական սեռի անձինք հաշվառվում են զինկոմիսարիատներում, սակայն նշված ժամկետից հետո հաշվառումից հանվում են՝ ստանալով այլ պետության անձնագիր, և այդպիսով խուսափում են ՀՀ զինված ուժերում ծառայությունից: 2024-2025թթ. նման խուսափողների թիվը հասնում է շուրջ 8700-ի։ Օրինագծի համաձայն, դրա հեղինակի հավաստմամբ, քաղաքացիությունը փոխելու դեպքում առաջարկվում է պետական տուրք սահմանել 15 մլն դրամի չափով, ինչը թույլ կտա կանխել իրադարձությունների նման զարգացումն ապագայում։ Ներկայում քաղաքացիությունը փոխելու համար քաղաքացիները վճարում են ընդամենը 25 հազար դրամ: Ստացված միջոցները նախատեսվում է ուղղել ծառայությունը շարունակող զինվորների դրամական բավարարման բարձրացմանը, որը ներկայումս կազմում է 3400 դրամ:
Սարգսյանն ընդգծել է, որ ԶՈՒ-ում ծառայությունից խուսափելն, առաջին հերթին, պայմանավորված է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներով: Ընդ որում, երկրի քաղաքացիները դիմում են տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական անձանց "աջակցության" խնդրանքով ՝ ստանալով բժշկական տեղեկանքներ առողջական վիճակի մասին, ինչը նրանց թույլ է տալիս խուսափել զինված ուժերում ծառայությունից, կամ, պարզապես, լքում են հանրապետության սահմանները, իբր, ուսման կամ բուժման նպատակով։ Ներկայումս մոտ 10 հազար խուսափողներ, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, գտնվում են երկրի սահմաններից դուրս: Այդ թվից մոտ 5 հազար մարդ մինչև 27 տարեկան երիտասարդներ են ։ Առաջարկվող նախաձեռնությունը, ինչպես նշել է Սարգսյանը, առաջին հերթին, նպատակ ունի կանխել ծառայությունից խուսափելու գործընթացը և ավելացնել զորակոչիկների թիվը:
Հիշեցնենք, որ ԱԺ կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում փոփոխությունների նախագիծը, որը կքննարկվի մայիսի 22-ին կառավարության նիստում: Ըստ այդ փոփոխությունների՝ զորակոչիկները կարող են ընտրել երեք տարբերակներից մեկը. մեկ ամիս ծառայություն անցնել՝ վճարելով 20 մլն դրամ, վեց ամիս՝ վճարելով 15 մլն դրամ, կամ ծառայել լրիվ ժամկետ ՝ 24 ամիս, ընդ որում, լրացուցիչ նպաստ ստանալով զորակոչիկների այլ կատեգորիաների մուծած միջոցների հաշվին։ Նախագծով նախատեսվում է նաև ժամկետային ծառայության տարիքային շեմի բարձրացում՝ 27-ից մինչև 37 տարեկան: Դրույթներից ևս մեկը նախատեսում է 15 մլն դրամ տուրք մինչև 18 տարեկան քաղաքացիությունը փոխած տղամարդկանց համար: Դա թույլ կտա ծառայությունից խուսափած 27 տարին լրացած քաղաքացիներին խուսափել քրեական պատասխանատվությունից: