Արմինֆո. Զինված ուժերի շարքերում ծառայության ժամկետների կրճատման գաղափարը, ինչ դրդապատճառ էլ պարունակի, դա նոր հարված է ՀՀ անվտանգության համակարգին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Գումարով բանակից ազատվելու իշխանական նախաձեռնության շրջանակներում կրկին ակտիվացվել է պարտադիր ժամկետային ծառայության կրճատման թեման, որը նախ 2021 թվականի նախընտրական շրջանում խաղարկվեց, ապա 2024 թվականին ամրագրվեց ԶՈւ կերպափոխման հայեցակարգում:
Անխոս այս փուլում էլ այդ թեման պատահական չի ակտիվացվում, որովհետև նախ ունի նախընտրական բնույթ, երկրորդ, «համընկնում» է Ադրբեջանի առաջ մղած ՀՀ ապառազմականացման նախապայմանին:
Իշխանությունն ինքն է տարբեր առիթներով արձանագրել բանակում համալրման հետ կապված լրջագույն խնդիրների մասին ու այս ֆոնին ծառայության ժամկետների կրճատման գաղափարը, ինչ դրդապատճառ էլ պարունակի, դա նոր հարված է ՀՀ անվտանգության համակարգին», - ընդգծել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ ԱԺ կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում փոփոխությունների նախագիծը, որը կքննարկվի մայիսի 22-ին կառավարության նիստում: Ըստ այդ փոփոխությունների՝ զորակոչիկները կարող են ընտրել երեք տարբերակներից մեկը. մեկ ամիս ծառայություն անցնել՝ վճարելով 20 մլն դրամ, վեց ամիս՝ վճարելով 15 մլն դրամ, կամ ծառայել լրիվ ժամկետ ՝ 24 ամիս, ընդ որում, լրացուցիչ նպաստ ստանալով զորակոչիկների այլ կատեգորիաների մուծած միջոցների հաշվին։ Նախագծով նախատեսվում է նաև ժամկետային ծառայության տարիքային շեմի բարձրացում՝ 27-ից մինչև 37 տարեկան: Դրույթներից ևս մեկը նախատեսում է 15 մլն դրամ տուրք մինչև 18 տարեկան քաղաքացիությունը փոխած տղամարդկանց համար: Դա թույլ կտա ծառայությունից խուսափած 27 տարին լրացած քաղաքացիներին խուսափել քրեական պատասխանատվությունից: