Արմինֆո. Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ GRECO-ն, իր տարեկան զեկույցում նշել է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվող գնումների թափանցիկությունն ապահովված չէ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ազգային ժողովի կողմից կազմակերպված գնումներին վերաբերող երկու տասնյակից ավելի փաստաթղթեր ստացվել են տարբեր աղբյուրներից, սակայն՝ ոչ խորհրդարանի պաշտոնական կայքից: Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը, ով նաև Ալեն Սիմոնյանի մտերիմն է, պետբյուջեից միջոցներ է ծախսում առանց պատշաճ հրապարակային հաշվետվության, չմանրամասնելով, թե ինչ կարիքների և, հատկապես, ինչ գնումների համար են ծախսվում միջոցները:
Բացի այդ, պատգամավորը տվյալներ է ներկայացրել այն մասին, որ 2024 թվականի հունվար, մայիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին Ազգային Ժողովը գնել է 908 շիշ կոնյակ՝ տարբեր տեսակի։ «Դրա համար Հայաստանի հպարտ հարկատուները վճարել են 16 միլիոն 635 հազար դրամ։ Ի՞նչ անհրաժեշտությամբ են գնվել կոնյակները, ու՞մ են նվիրել, ո՞վ է որոշել ինչքա՞ն պետք է գնվի , այս մասով որևէ թափանցիկություն չկա։ Ընդ որում բոլոր գնումները իրականացվել են «Վինո-վինո» ընկերությունից», - գրել է Թովմասյանը։
Պատգամավորը նաեւ հաղորդել է, որ 2025 թվականի հունվարից ապրիլ 594 շիշ կոնյակ է գնվել՝ 11 միլիոն դրամով։ Ընդ որում, Թովմասյանը հիշեցրել է, որ տարին դեռ չի ավարտվել, եւ հնարավոր է, որ դրանք վերջին տվյալները չեն, որոնք իրեն կհաջողվի հավաքել։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թագուհի Թովմասյանը բարձրաձայնում է Ազգային ժողովի կողմից իրականացվող գնումների մասին: Խորհրդարանական նիստերի ընթացքում նա պարբերաբար ուշադրություն է հրավիրում գնումների վերաբերյալ հաշվետվությունների բացակայությանը։ Այսպես, նիստերից մեկի ժամանակ նա հիշեցրել է "Մանկան" ՍՊԸ-ից գնումների մասին, հետաքրքրվելով, թե հատկապես ինչ կարող է խորհրդարանը գնել մանկական խանութից։