Արմինֆո. Տիրանայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ու Նիդերլանդների միջև բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը և ժողովրդավարության ոլորտում համագործակցության խորացմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության զարգացումների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ընդգծելով դրա հնարավոր դրական ազդեցությունը տարածաշրջանային կայունության ու համագործակցության վրա։
Հայաստանի և Նիդերլանդների վարչապետները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու երկխոսությունը և քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերության խորացման ուղղությամբ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպել է նաեւ Բելգիայի վարչապետ Բարտ դը Վեվերի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցության օրակարգային հարցեր՝ ընդգծելով քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման կարևորությունը։ Այս համատեքստում երկու երկրների վարչապետները կարևորել են բարձր մակարդակի ակտիվ շփումների և շարունակական երկխոսության պահպանումը:
Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ամրապնդման քայլերը։ Բելգիայի վարչապետ Բարտ դը Վեվերը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործընթացին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։