


Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ կտա խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում, համոզված է թուրք գրող Քեմալ Յալչինը:
Նրա խոսքով, Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմությանը և ընդունի այն այնպիսին, ինչպիսն կա:
ՙՀայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Թուրքիան միայնակ է մնացել 1915 թ. իրադարձությունների ժխտման հարցում: Այն չի ցանկանում ընդունել իրականությունը՚,- այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ նշել է թուրք գրողը:
ՙՍակայն, կարծում եմ, որ այդ հարցը պետք է լուծվի՝ հաշվի առնելով հայկական կողմի տարածքային պահանջները, նյութական փոխհատուցումը, մշակութային հարցերը: Ամեն բան պետք է կարգավորվի այնպես, ինչպես հայկական կողմն է ցանկանում՚,- ընդգծել է Յալչինը:
Միաժամանակ նա նշել է, որ ինքը պետական պաշտոնյա չէ և չի կարող առաջընթաց ապահովել այդ հարցում, սակայն որպես մտավորականության ներկայացուցիչ՝ իր աշխատանքներով բարձրացնում է թուրք հասարակության իրազեկվածությունը:
ՙԵս առաջին անգամ եմ Հայաստանում: Այցելել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և տպավորված եմ տեսածովս: Ձեր ցավը ես իմ ցավն եմ համարում: Իմ աշխատանքների ավելի քան 5 հազար էջ նվիրված են Հայոց ցեղասպանությանը, հասկանում եմ, որ դա մի կաթիլ է ծովում, և դեռ շատ բան կա անելու, բայց ես կշարունակեմ այդ ուղղությամբ իմ գործունեությունը՚,-նշել է նա:
Նա նաև հայտնել է, որ այսօր Գյումրիում առաջին անգամ ցուցադրվելու է «Դու ուրախացրիր իմ սիրտը» ներկայացումը: Գրողը նշել է, որ ներկայացման հիմքում ընկած է «Դու ուրախացրիր իմ սիրտը» գիրքը, որը նվիրված է նրա համալսարանական դասախոս Մելինեին, ով Թուրքիայից փախել էր Հայոց ցեղասպանության ժամանակ:


