Արմինֆո. Բաքուն և Երևանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության ձեռք բերմանը։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ կայացած ճեպազրույցում:
"Եվրամիությունն ակնկալում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։ Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության ձեռք բերմանը։ Կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը բխում է բոլոր կողմերի շահերից", - նշել է նա։
Իսկ այսօր համացանցում տարածվել են կադրեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից։ Այս նյութը գրելու պահին նշված հանդիպման վերաբերյալ Փաշինյանի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրություն չի եղել։
Մարտի 13-ին հայտնի էր դարձել, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցումը։ Ընդ որում, Հայաստանի վարչապետը նշել էր, որ առայժմ որոշված չէ պայմանագրի ստորագրման ժամանակը եւ վայրը։ Անդրադառնալով մնացած երկու կետերի բովանդակությանը, որոնք համաձայնեցվել են, Փաշինյանը հաղորդել էր, որ դա երրորդ երկրների ուժեր չտեղակայելու և միջազգային հայցերից հրաժարվելու շուրջ պայմանավորվածությունն էր: