Արմինֆո. Լևոն Քոչարյանի մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել և չի քննարկվելու: Այդ մասին մայիսի 16-ին հայտարարել է "Հայաստան" խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ։
Նա ընդգծել է, որ Լևոն Քոչարյանի գործողությունները լիովին համապատասխանում էին կառավարող մեծամասնության՝ կառավարության ղեկավարի և նրա թիմի պահվածքին: Խորհրդարանականը դա անվանել է զայրույթի պոռթկում, արձագանք տեղի ունեցողին։ Այդ առնչությամբ Օհանյանը հիշեցրել է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը, դիմելով ընդդիմության ներկայացուցիչներին, նրանց համբալներ է անվանել, ասելով, որ նրանց տեղը "ԱԱԾ նկուղներում է", ինչպես նաև այն, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սպառնացել "Հայաստան" խմբակցության կին անդամին՝ դուրս շպրտել նիստերի դահլիճից:
Ընդ որում, նա ընդգծել է, որ այն իրողությունը, որ տիրում է Ազգային ժողովում, այն սադրանքները, որոնք կառավարող կուսակցության կողմից իրականացվում են մեծ մասամբ նրանց քանակի պատճառով, և կողմնակալ վերաբերմունքն անընդունելի են:-