Փամբակ» քարշային ենթակայանը, որը 1989 թվականին շարքից դուրս էր եկել, արմատական վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել: Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ն, ենթակայանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին Լոռու մարզի Փամբակ գյուղում: ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի ասելով, ենթակայանը վերականգնվել է իրենց մասնագտեների ուժերով` կոնցեսիոն պարտավորությունների կատարման շրջանակում: «Տվյալ ենթակառուցվածքային նախագծի իրագործման համար կատարված ներդրումները կազմել են 30 մլն դրամ: Այս օբյեկտն այսօրվա դրությամբ կապահովի տվյալ շրջանում մեր ենթակառուցվածքի էներգետիկ անվտանգությունը: Միևնույն ժամանակ մենք հնարավորություն ունենք էլեկտրաէներգիա տրամադրել սպառողներին` Փամբակի ենթակայանի մերձակա գյուղերի բնակիչներին: Ենթակայանն ապահովում է կոնտակտային ցանցի կայուն լարում` ապահովելով երթևեկության անվտանգությունը», - ընդգծել է նա:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր հերթին նշել է, որ ենթակայանի վերականգնմանն ուղղորդված ներդրումները միանգամայն արդարացված են, քանի որ այժմ մարզի Փամբակ ու Եղեգնուտ համայնքներն ապահովված են էլկետրաէներգիայուվ: «ՀԿԵ իրագործած ծրագրի շնորհիվ մենք բացել ենք 5 մշտական աշխատատեղ, ինչը չափազանց կարևոր է այնպիսի փոքր համայնքի համար, ինչպիսին է Փամբակը: Այսօր ՀԿԵ-ն նպատակաուղղված իրագործում է տևական բնույթի տարբեր ներդրումային ծրագրեր, և առաջիկայում, հուսով եմ, ներդրումների ծավալները կավելանան», - հավելել է Ա.Նալբանդյանը:
«Փամբակ» քարշային ենթակայանի հզորությունը 10 հազար կիլովատ է, ինչը կրկնակի գերազանցում է երկաթուղու պահանջարկն այդ հատվածում: Այդպիսով ենթակայանը երաշխավորում է նոր ենթակառուցվածքային նախագծերի իրագործման համար անհրաժեշտ պահուստ:
Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ 100%-անոց դուստր ընկերություն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղու հավատարմագրային կառավարում` 2008 թվականի փետրվարի 13-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի համաձայն: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` ևս 10 տարի երկարաձգման իրավունքով: