Արմինֆո. Մայիսի 14-ին Փարիզի 9-րդ շրջանի Ժան-Բատիստ Սայ 9 հասցեում բացվել է հուշատախտակ՝ նվիրված հայազգի մտավորական, Ֆրանսիայում Արմենոֆիլ շարժման առաջամարտիկ, բանաստեղծ և գրաքննադատ Արշակ Չոպանյանի հիշատակին, ով երկար տարիներ շարունակ ապրել է Փարիզի պատմական այդ թաղամասում։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն, միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Հիշատակի և վետերանների հարցերով Փարիզի փոխքաղաքապետ Լորանս Պատրիսը, Արշակ Չոպանյանի անվան ինստիտուտի նախագահ Ժան Սիրապյանը։ Արարողությանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունին, Փարիզի քաղաքային խորհրդի անդամ, Հիշատակի և վետերանների հարցերով պատվիրակ Ալեքսի Գովցյանը, ֆրանսահայ անվանի գիտնական Կլոդ Մութաֆյանը, հայկական մի շարք ասոցիացիաների և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում Հայաստանի դեսպանը նշել է, որ Արշակ Չոպանյանի անվան հուշատախտակը բացվում է Փարիզի պատմական հայկական թաղամասում, որն իր կենսունակությամբ 1920-ական թվականներից ի վեր կարևոր դերակատարություն է ունեցել հայ մտավորականների նոր սերնդի ձևավորման գործում, որոնց թվում է եղել Արշակ Չոպանյանը։
Դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել հայազգի մտավորականի հիշատակի հավերժացմանն ուղղված նախաձեռնության համար, որը նաև խորհրդանշական տուրք է հայ-ֆրանսիական բարեկամությանը: Դեսպանն ընդգծել է Արշակ Չոպանյանի կարևոր դերակատարությունը 19-րդ դարի վերջին` Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ջարդերից հետո Ֆրանսիայում Արմենոֆիլ շարժման մեկնարկի գործում, որին հարում էին ֆրանսիական մտավորական և քաղաքական էլիտայի այնպիսի ականավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք էին՝ Անատոլ Ֆրանսը, Ժան Ժորեսը, Ռոմեն Ռոլանը, Շառլ Պեգին, Ժորժ Կլեմանսոն և այլոք։