


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերարագ՝ 15-օրյա ժամկետում, վարույթ է ընդունել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և նրա զինակիցների գործը, ովքեր դատապարտվել է 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում անկարգությունների համար: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Շանթի որդին` Շահեն Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, իսկ նրա որդին` Շահեն Հարությունյանը, խուլիգանության մեղադրանքով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն որոշվել է պատիժը պայմանականորեն չկիրառել: Ալբերտ Մարգարյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Ալեք Պողոսյանը` 4 տարվա ազատազրկման, 20 տարի հայոց բանակում ծառայած Արմեն Հովհաննիսյանը` 2 տարվա ազատազրկման, Ավետիս Ավետիսյանը` 5 տարվա ազատազրկման, Հայկ Հարությունյանը` 4.6 տարվա ազատազրկման, Լիպարիտ Պետրոսյանը` 5 տարվա ազատազրկման, Սևակ Մնացականյանը` 1,6 տարվա ազատազրկման, Տիգրան Պետրոսյանը` 1 տարվա ազատազրկման, Վահե Մկրտչյանը` 7 տարվա ազատազրկման,
Վարդան Վարդանյանը` 5 տարվա ազատազրկման: 2015 թվականի փետրվարի 2-ին Վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց ստորադաս ատյանի դատավճիռը, իսկ Հայաստանի վճռաբեկ դատարանը մերժեց իր վարույթ ընդունել նրանց գանգատները:
2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը Գայ Ֆոքսի դիմակներով իր շուրջ հարյուր զինակիցների հետ «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի ՀՀ նախագահի նստավայր: Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կանգնեցրել էին երթը: Տեղի էին ունեցել ընդհարումներ: Ոստիկանության պնդմամբ, իրենց աշխատակիցների նկատմամբ կիրառվել էին ինքնաշեն պայթուցիկ փաթեթներ և մահակներ: Բերման էր ենթարկվել 38 մարդ, 20 հոգի ձերբակալվել էր, հետագայում տասից ավելի ակտիվիստներ կալանավորվել էին:



