Արմինֆո. Հայաստանն ու Միացյալ Նահանգները երկխոսության շրջանակում քննարկում են հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ: Այդ մասին հայտարարել Է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի այն խոսքերին, թե Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամի համաձայնագրերին։
"Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ։ Ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ ընձեռել", - նշել է նա՝ Հանրային հեռուստատեսության հետ զրույցում։
Ավելի վաղ Ուիթքոֆը Breitbart News-ի հետ զրույցում հայտարարել էր մի քանի ամսվա ընթացքում Աբրահամի համաձայնագրերի ընդլայնման հավանականության մասին, այլ ոչ թե՝ տարիների ընթացքում:
"Ես կարծում եմ, որ համեմատաբար շուտով մենք կտեսնենք Լիբանանի և, նույնիսկ, Սիրիայի շուրջ իրավիճակի կարգավորման ներուժ։ Դա կարող է տեղի ունենալ Լիբիայի հետ։ Դա կարող է տեղի ունենալ, և ես խոսում եմ երկրների՝ Աբրահամի խաղաղության համաձայնագրերին միանալու մասին, դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ, որտեղ, մենք կարծում ենք, որ մենք շատ, շատ մոտ ենք կարգավորմանը՝ այդ երկրներում հակամարտությունների վերջնական կարգավորմանը: Կարծում եմ, որ երկու երկրներն էլ կարող են պատրաստ լինել միանալ Աբրահամի խաղաղության համաձայնագրերին։ Այնպես որ, սա վիթխարի նախաձեռնություն է նախագահի համար։ Այն նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք պատրաստվում ենք չորս կամ հինգ, գուցե, վեց երկրների ներգրավել Աբրահամի խաղաղության համաձայնագրերին, եւ դա մեծ ազդանշան կլինի աշխարհին՝ աշխարհում նախագահ Թրամփի արտաքին քաղաքական նախաձեռնությունների մասին", - նշել է նա։