Արմինֆո. Ազգային ժողովում հերթական սկանդալն է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արաշակյանի ելույթի ժամանակ, ով ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրել է բոլոր մահացու մեղքերի մեջ:
Արշակյանը նշել է, որ ժողովրդի շրջանում տարբեր ասեկոսեներ ու խոսակցություններ կան, որոնց իշխանությունները չեն արձագանքում: Մասնավորապես, մարդիկ ասում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայրը ազգությամբ թուրք է եղել։ "Բայց չէ որ մենք այդ մասին չենք խոսում։ Ասում են, թե նա և իր շրջապատը ոչ ղարաբաղցիների, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի համար ոչինչ չեն արել, ժամանակին թողել են այդ տարածքն ու տեղափոխվել Հայաստան։ Մարդիկ նաև ասում են, որ նրանք անհայրենիք դավաճաններ են, բայց չէ որ մենք նման բանի մասին չենք խոսում", - ընդգծել է Արշակյանը, ինչը խիստ բացասական արձագանք է հարուցել նիստերի դահլիճում ներկա ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի կողմից, ով պաշտպանել է իր հորը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
"Նստիր տեղում և լռիր, պահպանիր կոռեկտության մթնոլորտը։ Հենց հիմա քեզ դուրս կշպրտեմ, Լևոն, նիստերի դահլիճից։ Հանգիստ նստիր տեղդ և մի ծամածռվիր",- բղավել է փոխխոսնակը՝ կրտսեր Քոչարյանի բղավոցներին ի պատասխան։
Այդ հայտարարությունը միանգամայն բնականաբար առաջացրել է ընդդիմադիր խմբակցությունների կտրուկ բացասական արձագանքը, որոնք զանգվածաբար սկսել են լքել ԱԺ նիստերի դահլիճը: Ընդդիմադիրների զանգվածային ելքի ժամանակ հերթական բախումն է տեղի ունեցել իշխանական կուսակցության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում խորհրդարանականները ծեծկռտուք են սարքել։ Սակայն որոշ ժամանակ անց իրավիճակը հանդարտվել է, և ԱԺ մի շարք պատգամավորներ վերադարձել են նիստերի դահլիճ։