Արմինֆո. Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն 8 տարի ժողովրդին կերակրում է խոստումներով և անընդհատ կրկնում է 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու մասին, իսկ իրականում հայտարարվածի 10%-ն էլ չի կառուցվել։ Այդ մասին մայիսի 14-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ գործող իշխանությունը և կառավարող խմբակցության ներկայացուցիչներն, իրենց ելույթներում խոսելով իշխանության յոթ տարիների այս կամ այն ձեռքբերումների մասին, օգտագործում են Present Continuous ձևի բայեր, ասելով՝ "մենք անում ենք", և հռետորական հարց է ծագում, թե ինչ եք արել այսքան տարիների ընթացքում, որն է վերջնական արդյունքը: "Նրանք պնդում են, որ իրենց իշխանության գտնվելու 8-րդ տարում 300 նոր դպրոց և 500 մանկապարտեզ են կառուցում, բայց դրանից իրականում կառուցվածը քանի՞սն է՝ 10 տոկոսը, 12 տոկոսը թե քանի՞սը", - հարցրել է պատգամավորը:
Այդ առումով Խաչատրյանն ընդգծել է, որ կարևոր է ոչ այնքան բուն գործընթացը, որքան վերջնական արդյունքը, ներդրված ջանքերի արդյունքում ստեղծված վերջնական պրոդուկտը, իսկ վերջնական արդյունք կամ պրոդուկտ չկա:
Այնուհետև պատգամավորն անդրադարձել է իշխանության հռչակած կոռուպցիայի դեմ պայքարին և նշել, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում է այնպես, ինչպես ժամանակին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը "իբր լուծում էր, այսպես կոչված, բռնի տեղահանված ադրբեջանցիների հարցը": Խաչատրյանը պարզաբանել է, որ այն ժամանակ Ալիևը մտադրություն չուներ պաշտպանել այդ մարդկանց իրավունքները, այլ իրավիճակն օգտագործում էր քաղաքական շահարկումների համար։
"Պարզ է, որ դա բլեֆ էր։ Նա խոսում էր մեկ միլիոն փախստականների մասին, բայց մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներ անգամ 10 հազար մարդ չի վերադարձել", - ուշադրություն է հրավիրել Խաչատրյանը։
Պատգամավորը վստահեցրել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների նպատակը ոչ թե կոռուպցիայի դեմ իրական պայքարն է կամ դրա հետևանքների վերացումը, այլ միայն ինչ-որ գործընթացի իմիտացիա՝ առանց վերջնական արդյունքի և հասցեատերերի: