Արմինֆո. Իշխանությունը զորակոչի տարբեր փուլերում արձանագրվող խնդիրների լուծումը տեսնում է ո´չ թե կոռուպցիոն դրսևորումների նվազեցման, առկա «սողանցքների» փակման, զինվորական ծառայությունից խուսափելու պատճառների վերացման համատեքստում, այլ առկա բոլոր ռիսկերի, այսպես ասած, օրինականացման ձևով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այն իշխանությունը, որը հայրենիքի պաշտպանության առաքելությունը նախ հավասարացնում է սովորական մասնագիտական զբաղվածությանը, ծառայությունը վերածում զուտ աշխատանքի, իսկ հետո հերոս հռչակում ոչ թե կյանքը հայրենիքի համար զոհաբերման պատրաստ ծառայողին, այլ պարզապես հարկ վճարողին, զարմանում է, թե ինչու՞ են մարդիկ խուսափում ծառայությունից, ինչու՞ են մարդիկ երկմտում ընտրելու զինվորականի մասնագիտությունը կամ ինչու՞ են կադրային սպաներն ու պայմանագրայինները զորացրվում:
Զինված ուժերի ֆունդամենտին, արժեքային համակարգին, գաղափարական հենքին հարված հասցնող իշխանությունը ուզում է համոզել, որ բանակի մարտունակության, համալրվածության, զորակոչի սպառնալից վիճակի հիմքում պարզապես ֆինանսներն են, որոնք նոր սոցիալական բևեռացման և ներհասարակական պառակտման գնով կարելի է փոխել», - նշել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվում "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում փոփոխությունների նախագիծը, որով մինչև 18 տարեկան անձանց ՀՀ քաղաքացիությունը փոխելու դեպքում կգանձվի 15 մլն դրամ պետական տուրք: Համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Նշված 15 մլն դրամ պետական տուրքի չափը, Սարգսյանի մտահղացմամբ, կհամապատասխանի այն գումարին, որը պետք է վճարեն 27 տարին լրացած և երկրի զինված ուժերում ծառայությունից խուսափած անձինք, ինչը թույլ կտա նրանց խուսափել քրեական պատժից: Բացի այդ, պատգամավորն առաջարկել է 10 տարով ավելացնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու տարիքային շեմը՝ 27-ից մինչեւ 37։