Արմինֆո. Վեդու ջրամբարն սկսել է լցվել։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում (նախկինում Թվիթեր) գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։
Նա հիշեցրել է, որ ջրամբարի կառուցման 80 տոկոսը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից։ <Սա ամենամեծ ամբարտակն է, որը կառուցվել է Հայաստանում անկախության հռչակումից ի վեր: Հայաստանում Ֆրանսիան իր ռեսուրսները ներդնում է իր համոզմունքների իրականացման համար>, - գրել է դեսպանը։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 26-ին Վեդիի ջրամբարի կառուցման ֆինանսավորման նպատակով Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի Հանրապետությանը հատկացրել է 75 մլն եվրո վարկ (ՀՀ կառավարության համաֆինանսավորումը 15 մլն եվրո), որի շրջանակներում նախատեսվում է կառուցել 29,4 խմ ծավալով ջրամբար: Ջրի աղբյուրը Արարատի մարզի Վեդի և Խոսրով գետերն են։ Նշվել է, որ ծրագրի ամբողջական իրականացումը հնարավորություն կտա մեղմել Արարատյան դաշտի ջրի պակասը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցնել ինքնահոս համակարգի, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայողության: Ծրագրի իրականացման արդյունքում Սևանա լճից ջրառը կկրճատվի 19 մլն խմ-ով (ապահովելով շուրջ 3220 հա հողատարածքի անխափան և հուսալի ոռոգում), իսկ ոռոգվող հողերի մակերեսը կավելանա մոտ 300 հա-ով ։ Ջրամբարի շահագործումից հետո կանջատվեն 11 պոմպակայաններ, ևս 3 - ը ՝ մասնակի, տարեկան կտրվածքով տնտեսումը կկազմի մոտ 1 մլրդ դրամ կամ 19 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ներցանցային տնտեսությունների կորուստները կկրճատվեն 20-25 տոկոսով։ Ծրագիրն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել չորս տարվա ընթացքում։
Նշենք, որ այս տարվա հունվարին ասվում էր, որ ավարտվել է Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքների 98 տոկոսը ։ Դեռևս 2022 թվականի փետրվարի վերջին այն ժամանակվա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարում էր, որ ամբարտակի կառուցման հիմնական աշխատանքների շուրջ 80 տոկոսն իրականացվել է, և 2022 թվականի վերջին ջրամբարի շինարարությունը կավարտվի։