Արմինֆո.ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) հունիսի 5-ին լսումներ կանցկացնի Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ կքննարկվեն նաև օկուպացված Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հետ կապված հարցեր:
USCIRF կայքում հրապարակված հայտարարության համաձայն, Ադրբեջանում կրոնական ազատության պայմանները շարունակում են մնալ մտահոգիչ։ "Երկրում կրոնի մասին օրենքը ծանրակշիռ պահանջներ է դնում կրոնական համայնքների գրանցման համար՝ կրոնական գործունեության օրինական իրականացման համար։ Վերջին տարիներին Իրանի հետ հարաբերությունների վատթարացումից հետո Ադրբեջանի կառավարությունը ձերբակալել և բանտարկել է ռեկորդային թվով մահմեդականների, ենթադրաբար, կրոնական դրդապատճառներով: Բանտարկյալներից շատերը իրավապահ մարմիններին մեղադրել են ֆիզիկական բռնության և դաժան վերաբերմունքի այլ ձևերի համար: Լեռնային Ղարաբաղում կրոնական օբյեկտները նախկինի պես վտանգված են, քանի որ Ադրբեջանի իշխանությունները զարգացնում են տարածաշրջանը եւ ոչնչացնում հայկական մշակութային ժառանգությունը", - ասված Է USCIRF-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ փետրվարին USCIRF-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան ՝ ուսումնասիրելու երկրում կրոնական ազատության վիճակը և հանդիպելու կրոնական համայնքների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և պետական պաշտոնյաների հետ:
"2025 թվականի իր ամենամյա զեկույցում USCIRF-ն ԱՄՆ Պետդեպարտամենտին խորհուրդ է տվել Ադրբեջանը ներառել կրոնական ազատության կոպիտ խախտումների դիտարկման հատուկ ցուցակում", - ասվում է հաղորդագրության մեջ: