Արմինֆո. Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ ժամը 12:00-ից բողոքի ակցիա է ընթանում գինի-կոնյակ արտադրողների և տրանսպորտային ընկերությունների մասնակցությամբ: Ավելի քան մեկ ամիս մեքենաները կանգնած են Վրաստանի Գեզի տերմինալում ՝ սպասելով տարանցիկ երկրի իրականացրած լաբորատոր փորձաքննության արդյունքներին։ Այդ առնչությամբ որևէ հիմնավորում և պարզաբանում վրացական կողմը չի ներկայացրել։
Ինչպես պատմել են ակցիայի մասնակիցները, հանդիսանալով տարանցիկ երկիր, Վրաստանն իրավունք չունի մեկ ամիս և ավելի հետաձգել բեռ փոխադրող մեքենան և լաբորատոր հետազոտություններ անցկացնել: Արտադրողները դեմ չեն բեռի զննմանը, եթե մաքսանենգության որևէ կասկած կա, սակայն տարանցիկ փոխադրման դեպքում փորձաքննության անցկացումն ու մեքենաների ուշացումն անընդունելի է։
Նրանք հաղորդել են, որ դիմել են Էկոնոմիկայի նախարարությանը՝ փոխնախարարի մակարդակով։ "Մեզ միայն ասացին, որ այդ հարցով հիմա զբաղվում են։ Բայց արդեն մոտ մեկ ամիս է մեր առաջին մեքենան Վրաստանում է, իսկ ընդհանուր առմամբ մենք ունենք 5 մեքենա Գեզի տերմինալում: Մենք չենք հասկանում, թե ինչով է դա պայմանավորված։ Չենք հասկանում, թե ինչպես կարող են տարանցման բեռից պոկել մաքսային կապարակնիքները, նմուշներ վերցնել և մեկ ամսից ավելի պահել մեքենաները", - հարցադրում է արել ակցիայի մասնակիցներից մեկը։
Ընկերությունները մեծ ֆինանսական կորուստներ կկրեն ոչ միայն բեռի պարապուրդի, այլև գործընկերների հետ հարաբերությունների խզման պատճառով, որոնք այժմ սպասում են ապրանքի առաքմանը:
Երկու ժամ սպասելուց հետո Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն պատրաստակամություն է հայտնել ընդունելու բողոքի ակցիայի երկու մասնակիցների՝ լսելու նրանց խնդիրներն ու դիտողությունները:
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անդրադառնալով Գեզի տերմինալում հայկական բեռների պարապուրդի հետ կապված իրավիճակին, նշել էր, որ համապատասխան բանակցություններ են ընթանում վրացի գործընկերների հետ: