Արմինֆո. Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա, կան կոռուպցիայի առանձին դրսևորումներ տարբեր համակարգերում։ Այդ մասին մայիսի 13-ին խորհրդարանում հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
"Կարող եմ հավաստիացնել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ամենօրյա աշխատանք է տանում կոռուպցիայի դրսևորումների հայտնաբերման, բացահայտման և կանխարգելման ուղղությամբ", - վստահեցրել է նա:
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Նրա ասելով, պարզապես, բարձրացել է կոռուպցիայի բացահայտելիությունը։ Նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես է եկել նաև ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: "Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա, կան էպիզոդիկ դեպքեր", - ասել է նա, նշելով, որ կոռուպցիայի տեսակներն ու բնույթը հաճախ սխալ են մեկնաբանվում հասարակության շրջանում: