Արմինֆո. Տաթևի վանքն ու Որոտանի կիրճն առաջադրվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար: Այդ մասին հայտնի է դարձել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների տարածքների համալիր կառավարմանը նվիրված գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտարկմանն է ներկայացվում ոչ միայն նշանավոր ճարտարապետական հուշարձանը, այլև Տաթևի վանքն ու Որոտանի կիրճը միավորող մշակութային ամբողջական լանդշաֆտը: Անվանակարգի նախագծի գիտական ղեկավար, ICOMOS-ի անդամ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր Նարինե Տյուտչևան նշել է, որ սա ոչ միայն ներդրում է եզակի ժառանգության պահպանման գործում, այլև Հայաստանի գոյաբանական անվտանգության ապահովման ակտ, որը հաստատում է պատմական իրավահաջորդության և ինքնության մեր իրավունքը:
Նախագծի շրջանակում 2023-2024 թվականներին իրականացվել են մի շարք գիտական արշավախմբեր և դաշտային հետազոտություններ, որոնց արդյունքը դարձել է օբյեկտի նախնական անվանակարգային դոսյեն։ Առաջադրված տարածքի ընդհանուր մակերեսը կազմել է 7 490 հա, բուֆերային գոտին՝ 20 180 հա: Համալիրը ներառում է Տաթևի վանքը, վանական համալիրները, Որոտանի կիրճը ՝ նեոլիթից մինչև 19 - րդ դար հնագույն բնակավայրերով, եկեղեցիներ, մատուռներ, գերեզմանոցներ, գյուղատնտեսական լանդշաֆտներ, ինչպես նաև պատմական ենթակառուցվածքներ՝ ջրամատակարարում, քարավանատներ, կամուրջներ և ճանապարհներ։
Խորհրդաժողովի շրջանակում տեղի են ունեցել պանելային քննարկումներ գիտական հանրության, մասնագիտական ասոցիացիաների, միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների և քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նշենք, որ Տաթևի վանքը և Որոտանի կիրճը 1995 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում են: