Արմինֆո.Հալիձորում տեղի է ունեցել «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության «Թևեր-բոլորին» ծրագրի պաշտոնական բացումը, որն ուղղված է Տաթև խոշորացված համայնքի զարգացմանը: Միջոցառմանը մասնակցել են համայնքի շուրջ 50 բնակիչներ, ովքեր հնարավորություն են ստացել բացահայտելու իրենց համայնքին բնորոշ սոցիալ-մշակութային առավելությունները և դրանք վերածելու գործնական բիզնես գաղափարների:
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության հաղորդագրության համաձայն, ծրագիրը, որն իրականացվում է Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհով և Տաթևի համայնքային կենտրոնի ու «Իննոբիզ» ընկերության հետ համատեղ, նպատակ ունի զարգացնելու ձեռնարկատիրական մշակույթը տարածաշրջանում: Մասնակիցները վեց ամիսների ընթացքում սովորելու են ձեռնարկատիրական հմտություններ և փորձառու մենթորների օգնությամբ մշակելու են իրենց բիզնես նախագծերը:
«Մեր ծրագրի հիմնական նպատակն է համայնքի բնակիչներին սովորեցնել, թե ինչպես կարելի է առկա ռեսուրսները վերածել կայուն բիզնես հնարավորությունների, — նշել է ծրագրի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը: - Այսօր մենք մասնակիցներին ներկայացրինք աշխարհում հայտնի բիզնեսների օրինակներ, որոնք ծնվել են պարզ գաղափարից և վերածվել խոշոր ձեռնարկությունների: Հավատում ենք, որ Տաթևի համայնքը նույնպես ունի հսկայական ներուժ, և մենք այստեղ ենք՝ այդ ներուժը բացահայտելու համար»:
Համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանը կարևորել է նախաձեռնությունը համայնքի զարգացման տեսանկյունից. «Այս ծրագիրը Տաթև խոշորացված համայնքի համար ունի ռազմավարական նշանակություն: Մենք կարծում ենք, որ տեղացի ձեռնարկատիրության զարգացումը կարող է նոր շունչ հաղորդել մեր համայնքին, ստեղծել աշխատատեղեր և խթանել տնտեսական աճը: Հատկապես կարևոր է, որ ծրագիրը ներառում է ինչպես տեղացի, այնպես էլ Արցախից տեղահանված ընտանիքների, ինչը նպաստում է համայնքային ինտեգրմանը և փոխադարձ աջակցությանը»:
«Իննոբիզ» ընկերության ղեկավար Նաիրա Մարգարյանն ընդգծել է ուսուցման և մենթորության կարևորությունը բիզնես նախաձեռնություններում. «Մեր փորձը ցույց է տալիս, որ գործնական գիտելիքները և անհատական մենթորությունը վճռորոշ դեր են խաղում բիզնեսի հաջողության հարցում: Մեր փորձառու մենթորները պատրաստ են աջակցել մասնակիցներին` իրենց բիզնես գաղափարներն իրականություն դարձնելու ճանապարհին: Մենք տրամադրելու ենք ոչ միայն գիտելիք, այլև կիրառական գործիքներ, որոնք անհրաժեշտ են շուկայում մրցունակ լինելու համար»:
«Թևեր-Բոլորին» ծրագիրը մասնակիցներին առաջարկում է ձեռնարկատիրական հմտությունների ուսուցում,
անհատական մենթորություն փորձառու մասնագետների կողմից, բիզնես գաղափարների մասնակի ֆինանսավորման հնարավորություններ, ուսումնական կրթաթոշակներ՝ բիզնես նախագծերի փորձարկման համար, ծրագրի հաջորդ փուլերում մասնակիցները կընտրեն իրենց հոգեհարազատ բիզնես գաղափարները և «Իննոբիզ»-ի մենթորների օգնությամբ կաշխատեն դրանք կյանքի կոչելու ուղղությամբ: Նախատեսվում է, որ ծրագրի ավարտին մասնակիցները կունենան լիարժեք մշակված բիզնես նախագծեր, որոնցից լավագույնները կստանան աջակցություն իրականացման համար: