
Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ–ի և start-up–ի համար» ծրագրի շրջանակներում բիզնես գաղափարների երկրորդ մրցույթն ամփոփում է արդյունքները: Ինչպես հայտնել է մրցույթի կազմակերպիչներից մեկը՝ ՙՄաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ–ի և start-up–ի համար» ծրագրի ազգային համակարգող Ֆրունզիկ Ոսկանյանը, մրցույթի նպատակը ՓՄԲ և start-up ընկերությունների հայտնաբերումը և խրախուսումն է չորս ուղղություններով՝ վերականգնվող էներգետիկա, էներգաարդյունավետություն, ջրային ռեսուրսներ, թափոնների վերամշակում էներգիայի արտադրության համար:
Այս տարի մրցույթը, որը մեկնարկել է ապրիլ ամսին, ունեցել է70 մասնակից՝ անցած տարվա 63-ի փոխարեն: Բոլոր գաղափարները գնահատել է հատուկ հանձնաժողովը, և 24 լավագույն աշխատանքների հեղինակներն արդեն անցել են 10-շաբաթյա բիզնես դասընթացներ: ՙՀոկտեմբերի 12-13-ը՝ մրցույթի եզրափակիչ փուլում, կընտրվեն չորս լավագույն թիմեր, որոնք $10 000 չափով դրամական մրցանակ կստանան: Այդ չորս թիմերից մեկը կճանաչվի ազգային հաղթող և որպես լրացուցիչ մրցանակ՝ հնարավորություն կստանա 2015 թ. նոյեմբերին մասնակցելու Սիլիկոնյան հովտում կայանալիք ՙCleantech Open՚ գլոբալ բիզնես ֆորումին: Կարող է նաև ամերիկյան Կալիֆորնիայի տարածքում որոշ բիզնես գաղափարներ կյանքի կոչելու հնարավորություն ընձեռվել՚,- հայտնել է Ոսկանյանը: Ինչպես նշել է ծրագրի համակարգողը, հաղթողների ընտրության չափորոշիչներ կհանդիսանան՝ տեխնոլոգիաների արդիականությունը, շուկայում հաջողակությունը և կենսունակությունը, զարգացման ներուժը: Այս տարի ծրագրի շրջանակներում նախատեսվում է $2 հազարի չափով խրախուսական մրցանակներ հանձնել մրցույթին մասնակցող կանանց:
Ինչ վերաբերում է բիզնես գաղափարների հետագա հաջող իրականացմանը, ապա, ինչպես նշել է Ոսկանյանը, անցած տարվա մրցույթի հաղթող ՙԷկոթեքնոլոջի՚ ընկերության արտադրանքն արդեն մեկ շաբաթից հայաստանյան շուկա դուրս կգա՝ ջրային ռեսուրսների ոլորտում իր նոու-հաուով: ՙՊայմանավորվածություն կա նաև ռուս գործընկերների հետ՝ ռուսաստանյան շուկա դուրս գալու նպատակով՚,- հայտնել է Ոսկանյանը:
Նշենք, որ ՙՄաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթ-2016՚-ն անցկացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող ՙՀայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար՚ ծրագրի շրջանակներում, որի նպատակը Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ բիզնեսների և ՓՄՁ-ների հայտնաբերումը և խրախուսումն է, ինչպես նաև այդ ոլորտում նորարարությունը խթանող քաղաքականության ձևավորումը: Ծրագրի ազգային գործընկերներն են՝ Բնապահպանության նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը Գյուղատնտեսության նախարարությունը: