Արմինֆո. Մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հաղորդում է ՆԳՆ Փրկարար ծառաայությունը, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքել են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն։
Մայիսի 10-ին, ժամը 22:59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում, ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ավտոճանապարհից. երթևեկությունը վերականգնվել է։
Մայիսի 10-ին, ժամը 22:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանյան փողոցում ծառն ընկել է «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ ծառն ընկել և վնասել է շենքի բակում կայանած «GAZ», «Lexus» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ավտոմեքենաների վրայից։
Սոցիալական ցանցերում հայտնվել են նաև Հայաստանի ԱԳՆ մոտ տապալված ծառի կադրեր։ Հաղորդվել է նաև, որ Շորժա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն ուժեղ քամու պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Երևանի օդանավակայանում և հարկադիր վայրէջք է կատարել Թավրիզում: Ավելին, բնապահպանները հրապարակել են Երևանում փոշու մրրիկի լուսանկարներ, նշելով, որ դա արդյունք է քաղաքապետարանի կողմից իրականացվող ոչ ճիշտ քաղաքականության՝ ինչպես շինարարական թույլտվությունների տրամադրման, այնպես էլ քաղաքում ծառահատումների առումով, որը զանգվածային բնույթ է ստացել ՝ լուրջ վնաս հասցնելով քաղաքի բուսական և կենդանական աշխարհին: