Արմինֆո. Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարություն է տարածել, որում հաղորդել է Թուրքիայի հետ զինված հակամարտությունը դադարեցնելու և ինքնալուծարվելու որոշման մասին: Կուսակցությունն այս քայլի մասին հայտարարել է 12-րդ համագումարից հետո։
"PKK-ն միայն լավագույնն է անում քրդերի համար։ Այսօրվա խաղաղության գործընթացն ավելի լավ է, քան PKK-ի երեկվա պատերազմը։ Եթե PKK-ն շարունակի պայքարել, ապա կվնասի իրեն", - ըստ "Կոմերսանտ"-ի՝ հայտարարել է կուսակցության նախկին ղեկավարներից մեկը՝ Հալիլ Աթաջը:
Կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը փետրվարին հաղորդել էր, որ PKK-ն մտադիր է լուծարվել և ավարտել զինված հակամարտությունը թուրքական իշխանությունների հետ: Դրանից հետո կուսակցությունն անցկացրել է երկու համագումար, որտեղ մշակել է հետագա ռազմավարությունը։ Արդյունքում՝ կուսակցության անդամների մեծ մասը կողմ է արտահայտվել խաղաղ կարգավորմանը և ինքնալուծարմանը:
Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հիմնադրվել է 1978 թվականին՝ Թուրքիայում քրդերի ազգային իրավունքները պաշտպանելու համար: 1984 թվականից կուսակցությունը սկսել է զինված պարտիզանական պայքար մղել Թուրքիայի պաշտոնական ղեկավարության դեմ և հանդես է եկել հանրապետության կազմում քրդական ինքնավարության ստեղծման օգտին։ 2000-ականների սկզբին ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն Թուրքիայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի տարածքում։
Այս տարվա մարտին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին մեղադրել էին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ համագործակցելու համար։ Նա հեռացվել է պաշտոնից և գտնվում է կալանքի տակ։