Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կարեն Գևորգյանը անձնական խուզարկության ժամանակ սպառնացել է լրագրող Լիլիթ Աղեկյանին, ընդգծելով, թե չի մոռանա, որ նա միակ լրագրողն է, ով քննադատել է իր գործունեությունը: Այդ մասին ահազանգում է լրագրողի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
ԱրմԻնֆո-ին տրամադրված Փոստանջյանի հայտարարության համաձայն, Կարեն Գևորգյանը հանձնարարել է ոստիկանության շենքում, որտեղ պահվել է Լիլիթ Աղեկյանը, «նրան հանվացնել տեսախցիկների առջև և այդ կերպ կատարել նրա մարմնի զննություն, այդ գործողության և նրա նկատմամբ այլ գործողություններ կատարելու ժամանակ Լիլիթ Աղեկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և ոստիկանները ստիպված են եղել հրավիրել շտապ օգնություն, որից հետո Լիլիթ Աղեկյանին տեղափոխել են հիվանդանոց»:
«Այսինքն, ոստիկանությունը չի բավարարվել Լիլիթ Աղեկյանին գիշերազգեստով և հողաթափերով, առանց հիգիենայի պարագաների (Լիլիթ Աղեկյանը գտնվել է կնոջը բնորոշ բնականոն ֆիզիոլոգիական վիճակում) առևանգմամբ, այլ նրան ցանկացել են նաև մերկ վիճակում տեսաձայնագրել:
Բացի այդ ոստիկան Կարեն Գևորգյանը սպառնացել Լիլիթ Աղեկյանին, նշելով է, որ չի մոռանա` Լիլիթ Աղեկյանը միակ լրագրողն է, ով իր մասին գրել է:
Ի դեպ այս ոստիկանին Գյումրիում ճանաչում են որպես մի անձի, ով ծառայության ժամերին, ծառայողական համազգեստով ռեստորաններում և սրճարաններում վայելում է հանգիստը:
Հարցեր ՀՀ ՆԳՆ նախարարին
Դո՞ւք եք հրաման արձակել, որ ձերբակալվածին զննության համար ոստիկանները հանվացնեն տեսախցիկի առջև և նրա մարմնի զննությունը տեսաձայանգրեն: Եթե Դուք նման հրաման եք արձակել, ապա ե՞րբ և որտեղ է այն հրապարակված: Եթե Դուք նման հրաման չեք արձակել, ապա ո՞վ է այդ հրամանի հեղինակը և ե՞րբ եք արձագանքելու Լիլիթ Աղեկյանի նկատմամբ ոստիկանների կողմից կատարված խոշտանգմանը:
Եթե Դուք կամ ձեր մերձավորը գտնվեր Լիլիթ Աղեկյանի վիճակում Դուք ի՞նչ կզգայիք, Դուք հաճույք կստանայի՞ք, թե խոշտագված կզգայիք», - գրել է Փոստանջյանը:
Հայաստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն, իր հերթին, Զարուհի Փոստանջյանի հրապարակման առնչությամբ, հաղորդել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Նա հավաստիացրել է, որ Աղեկյանը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների ներկայությամբ, առանց տեսախցիկների անձնական խուզարկություն են կատարել։
«Արդեն Ձերբակալվածների պահման վայրում՝ մինչ ձերբակալվածին պահման վայրում տեղավորելը ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հրավիրվել է Շտապօգնության խումբ ձերբակալվածին բուժզննության ենթարկելու նպատակով։ Բժիշկը՝ առանց ոստիկանների ներկայության և առանց տեսախցիկների, բուժզննության է ենթարկել ձերբակալվածին, ինչից հետո նա տեղավորվել է ՁՊՎ-ում։ Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ, ինչպես նաև չհնչեցնել անհիմն մեղադրանքներ ոստիկանության ծառայողների հասցեին, որոնք կատարում են օրենքով իրենց վերապահված լիազորությունները», - գրել է ՆԳՆ մամուլի քարտուղարը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրավիճակին արձագանքել էին Հայաստանի ժուռնալիստների միությունում, իրենց հայտարարության մեջ նշելով, որ ձերբակալությունից հետո լրագրողին երկար ժամանակ թույլ չեն տվել հանդիպել փաստաբանի հետ: Բացի այդ, նրանք ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ չնայած Աղեկյանի առողջական վիճակի վատթարացմանը, ոստիկանությունում որոշել են մեկ ամսով կալանավորել նրան։
Հավելենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի, լրագրողին ձերբակալելու առիթ են հանդիսացել նրա արտահայտությունները, որոնք Աղեկյանն, իբր, թույլ է տվել դպրոցներից մեկում՝ աշակերտների և ուսուցիչների հասցեին, ինչպես նաև դատարանի որոշման հրապարակման շրջանակում նրա հայտարարությունների առնչությամբ: