Արմինֆո. Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը, ով 16 տարեկանում միացել է Արցախյան ազատամարտին, շուրջ երեք տարի կալանավորված է. դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը:
Նա նշել է, որ մայիսի 9-ի առավոտյան շնորհավորանքների փոխարեն ճանապարհվել է Երեւանի ծայրամասում գտնվող «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր արդեն գրեթե երրորդ տարին քաղաքական հետապնդման արդյունքում կալանքն է շարունակում կրել գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։
«Ցավով, արդեն երրորդ տարին բանտում առաջինը նրան եմ շնորհավորում Եռատոնի առիթով։
Արհեստական ձգձգումներով նրա դեմ շինծու դատավարությունը դեռ շարունակվում է, ու հայտնի չէ, թե երբ կավարտվի, որ հաղթի Արդարությունը։
Միքայել Արզումանյանն էր, որ 44-օրյա պատերազմի ամենադրամատիկ պահին, կապիտուլյացիայից 10 օր առաջ՝ հոկտեմբերի 27-ին ստանձնեց Արցախի պաշտպանության նախարար-բանակի հրամանատարի պաշտոնը՝ հստակ գիտակցելով դժվարին իրավիճակը և կամք ունենալով իր վաստակը հանուն Արցախի պաշտպանության ի գործ դնելու։ Հիշեք նրան և Եռատոնին», - գրել է Գեղամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը երկու ամսով կալանավորվել էր 2022 թվականի սեպտեմբերին։ Այն ժամանակ նրան մեղադրանք էր առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (որը համապատասխանում է գործող ՔՕ 549-րդ հոդվածի 3-րդ մասին) իշխանությունը գերազանցելու կամ չարաշահելու համար: Մեղադրանքը կապված է 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ "Արեգի" բարձունքն ու հարակից մարտական դիրքերը ազատագրած կազմին տրված նահանջի հրամանի հետ:
Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանությունը կազմակերպելիս պաշտոնեական անփութության վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում օգոստոսի 30 - ին Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին՝ զինվորական պաշտոնեական անփութություն):
Հիշեցնենք նաեւ, որ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը արցախյան բանակը գլխավորել է ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկում, 2020 թվականի հոկտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ այդ պաշտոնում փոխարինելով վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանին։ Նույն ժամանակահատվածում նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Նա իր դիմումի համաձայն լքել է պաշտոնը 2021 թվականի սեպտեմբերի 11-ին։