


ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը հրաժարվել է մեկնաբանել սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ դրական արձագանք ստանալու նպատակով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառելու փորձի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունները:
ՙԵս չեմ մեկնաբանի Զուրաբյանի մառազմատիկ հայտարարությունները՚,- նշել է նա: Ըստ որում, Պապիկյանը նշել է, որ Զուրաբյանի հայտարարություններն իրավապահ մարմինների կողմից կարող են օգտագործվել իր իսկ դեմ:
Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ուսումնասիրելու նպատակով:
Հոկտեմբերի 9-ին խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանի և սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանը փորձել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին, և ՀԱԿ-ն ունի դրա ապացույցները:



