Արմինֆո.«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակազմը՝ ընկերության ղեկավարության գլխավորությամբ, ծաղկեպսակներ է դրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող երկաթուղային զինվորների հուշարձանին, ինչպես նաև Հաղթանակի զբոսայգում տեղադրված Հավերժական կրակին։ Մայիսի 9-ին Երևանի երկաթուղային կայարանում տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։
Տոնին ընդառաջ՝ Հայաստանի խոշոր երկաթուղային կայարանները ձևավորվել են թեմատիկ ատրիբուտիկայով և ինստալացիաներով, իսկ ընկերության էլեկտրագնացքները զարդարվել են Գեորգիևյան ժապավեններով։ Մայիսի 9-ին կայարանում կազմակերպվել է տոնական համերգ «Հարավկովկասյան երկաթուղու» գործընկեր Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ։ Կայարանի տարածքում իրականացվել է նաև Գեորգիևյան ժապավենների նվիրատվության ակցիա։
Ավելի վաղ ընկերությունը՝ համագործակցելով Հայաստանում «Ռուսկի դոմ» և 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների հետ, Սանահինում՝ Միկոյան եղբայրների տուն-թանգարանի հարևանությամբ, ստեղծել է ծառուղի՝ նվիրված Հաղթանակի 80-ամյակին։ Ընկերության պաշտոնական կայքում բացվել է «Շնորհակալ ենք պապին հաղթանակի համար» խորագիրով էջ, որտեղ հրապարակվել են նյութեր Հայրենական մեծ պատերազմին մասնակցած ՀԿԵ աշխատակիցների ազգականների և երկաթուղային զինվորների մասին։
ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է.
«Հայ երկաթուղայինները ակտիվ մասնակցություն են ունեցել հաղթանակի ապահովման գործում։ Հայրենական մեծ պատերազմի ճակատներում կռվել է շուրջ 600 հազար հայ։ 60 հայ գեներալ ղեկավարել է Կարմիր բանակի խոշոր միավորումներ։ Յոթանասուն հազար հայ զինվոր, սպա և գեներալ պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով։ Իսկ 106 հայ զինծառայող արժանացել է Սովետական Միության հերոսի բարձրագույն կոչմանը։ Շնորհավորում եմ բոլորիս տոնի առթիվ։ Վստահ եմ, որ մեր ընդհանուր պատմությունն առաջիկայում կհարստանա նոր հաղթանակներով»։