
Հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդրանիկ մամուլի ասուլիսը, որի ընթացքում հայտարարվել է Ճակատի քաղաքական խորհրդի և նրա ղեկավարությամբ գործող Ընդդիմության միասնական շտաբի ստեղծման մասին, ինչպես նաև արծարծվել են Ճակատի ռազմավարության և մարտավարության վերաբերյալ հարցեր:
Ինչպես հաղորդել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, քաղաքական խորհրդի կազմում ընդգրկված են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը և «Ոտքի՛, Հայաստան» Քաղաքացիական շարժման խորհրդի ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանը: Ընդդիմության միասնական շտաբի պետ է ընտրվել Ժիրայր Սէֆիլյանը:
Մարտիրոսյանը հավելել է, որ առաջիկայում ճակատը կանցկացնի հանրահավաք և կներկայացնի իր գործողությունները:
Ժիրայր Սեֆիլյանն, իր հերթին, հայտարարել է, որ նորաստեղծ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պատրաստ է համագործակցել ինչպես «Ոչի» ճակատի, այնպես էլ Հայաստանի ժողովրդական կուսակցության, Հայ ազգային կոնգրեսի և Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագրի» հետ: «Մենք հույս ունենք լիակատար համախմբման միջոցով տապալել հանրաքվեն և դեկտեմբերի 6-ը վերածել նոր երկրի ստեղծման օրվա, որը զերծ լինի կառավարող ռեժիմի շնորհիվ գոյություն ունեցող բոլոր բացասական երևույթներից», - նշել է նա: Սեֆիլյանը նաև ընդգծել է, որ եթե նույնիսկ իշխանությունները հրաժարվեն սահմանադրական հանրաքվե անցկացնելու մտադրությունից, ճակատը մտադիր չէ հրաժարվել իշխանափոխությունից: «Դա լավ առիթ է մոբիլիզացիայի և երկրի փրկությանը ձեռնամուխ լինելու համար», - հայտարարել է նա: Սակայն քաղաքական գործիչը չի ցանկացել հաղորդել գործողությունների որոշակի ժամկետներ: Նա չի կարողացել նաև որոշակի պատասխան տալ հոկտեմբերի 30-ին «Ոչի» հանրահավաքին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մասնակցությանն առնչվող հարցին:
Հիշեցնենք, որ սահմանադրական հանրաքվեն նշանակված է դեկտեմբերի 6-ին: ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, հանրաքվեի շտաբը կգլխավորի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն այդ ընթացքում արձակուրդ կվերցնի: