Արմինֆո.Առաջարկվում է սահմանափակել շահումով խաղերի վերաբերյալ գովազդները Հայաստանի սահմանային անցակետերում եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում: Այդ մասին հաղորդում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշել է պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, ՀՀ ԱԺ մայիսի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար:
Հիմնական զեկուցողի խոսքով՝ վերջին տարիներին թեեւ բավականին սահմանափակումներ են սահմանվել ոլորտը գովազդող կարգավորումներում, բայց եւ սահմանափակումների անհրաժեշտություն դարձյալ կա: Նշվել է, որ վերջին ժամանակներում սահմանային անցակետերում, ինչպես նաեւ չորս եւ բարձր աստղի կարգին համապատասխան հյուրանոցներում գովազդային վահանակների վրա տարբեր խաղային բիզնեսների, խաղատների, շահումով խաղերի հեռարձակվող գովազդի գերակշռող աճ է նկատվում: Նարեկ Ղահրամանյանի դիտարկմամբ այն բացասաբար է ազդում նաեւ Հայաստանի՝ որպես հազարամյա պատմությամբ, մշակույթով հարուստ երկրի նկարագրի վրա:
Նախագծի հեղինակը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով առաջարկվող սահմանափակումներին:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Ավետիսյանը:
Հարակից զեկուցող, Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ օրենսդրական նախաձեռնությունը համահունչ է Կառավարության վարած քաղաքականությանը: