Արմինֆո. Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցի նկատմամբ իրականացված վանդալիզմը միջազգային իրավունքի և հումանիտար նորմերի բացահայտ և կանխամտածված խախտում է։ Այս գործողությունները լուրջ հարված են ոչ միայն զոհվածների հիշատակին, այլև համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանությանը։ Այդ մասին ասվում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի ֆեյսբուքյան գրառման մեջ:
«Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող այս գործողությունները մտահոգիչ օրինակ են հստակ համակարգված քաղաքականության, որն ուղղված է հայ բնակչության` Հայկական բարձրավանդակում տեղաբնիկ ազգի դեմ մշակութային ցեղասպանության քաղաքականության իրագործմանը։ Այս վարքագիծը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի հիմքային սկզբունքներին և խաթարում է տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության հաստատման ջանքերը։
Միջազգային հանրության և ,մասնավորապես, մարդու իրավունքների և մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների լռությունը և անգործությունը ստեղծում են անպատժելիության վտանգավոր մթնոլորտ, որը լրջորեն խրախուսում է նմանատիպ հանցավոր գործողությունների շարունակումը։ Այդ լռությունը հավասարազոր է անուղղակի մեղսակցության և բացարձակապես անընդունելի է իրավունքի գերակայության սկզբունքի տեսանկյունից։
Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցի պղծումը հանցագործություն է մարդկության դեմ, և դրա անպատիժ թողնելը նշանակում է լեգիտիմացնել միջազգային իրավունքի կոպիտ խախտումները։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունը գործի՝ հանուն արդարության, իրավունքի և համաշխարհային մշակութային բազմազանության պահպանման։
Արդյո՞ք նկատելի չէ մի կարևոր զուգահեռ. ադրբեջանական ցեղասպան պետությունը հայկական մշակութային ժառանգությունը` այս պարագայում այն է եղբայրական գերեզմանոցը, հողին պղծվեց հենց այս օրերին`Հայրենական Մեծ պատերազմի Հաղթանակի 80-ամյակին նվիրված մեծ միջոցառումների նախօրյակին.սա պատմության այն էջն է, որտեղ հայ ժողովրդի զավակները մեծ մասնակցություն են ունեցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում` ի Հայաստան և Սփյուռս։ Եվ պատմականորեն է ապացուցված, որ մեր ազգը եղել է ամենամեծաթիվ հերոսները տված եզակի ժողովուրդներից մեկը, որի հերոսներից միայն երկուսը` երկու մարշալ ծնվել են Արցախում` այն էլ մի գյուղում։ Պատմությունը ոչինչ չի մոռանում, ինչպես որ այսօր պատմության համար արձանագրվում է Արցախում մշակութային ցեղասպանությունը։Դա ոչ այլ ինչ է, քան ֆաշիզմի ցայտուն դրսևորում, որը այսօր չդատապարտելը և չկախելը ծնելու է հետևանքներ աշխարհի ցանկացած անկյունում։
Արցախում մշակութային ցեղասպանություն իրականացնող ու այդ արհեստածին երկրի առաջնորդների` տարբեր միջազգային հարթակներում պարգևատրվելու դրսևորումները գալիս են վկայելու, որ ֆաշիզմը մինչ օրս գոյություն ունեցող գաղափարախոսություն է մի շարք երկրների համար, որի հետևանքները մինչ օրս մնում են չհաղթահարված ու 21-րդ դարում էլ կրում են շարունակական բնույթ։
Հաշվի առնելով այս իրավիճակի ծայրահեղ լրջությունը՝ մենք վճռականորեն
պահանջում ենք.
•միջազգային հանրության և համապատասխան կազմակերպությունների անհապաղ, հրապարակային և միանշանակ դատապարտում,
•պահանջում ենք կիրառել պատժամիջոցներ և իրավական պատասխանատվության միջոցներ Ադրբեջանի նկատմամբ,
•կոչ ենք անում ակտիվացնել գործողություններ՝ ուղղված զոհվածների հիշատակի և հայկական մշակութային ժառանգության լիարժեք պաշտպանությանը», - ասվում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարությունում։