Արմինֆո. Բեռնափոխադրողները հաճախ բախվում են խնդիրների, որոնք կապված են ոչ թե փոխադրամիջոցների, այլ բուն բեռի հետ։ Այդ մասին մայիսի 7-ին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելով "Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին" հայ-ղազախական համաձայնագրին կից արձանագրությունը։
Նրա ասելով՝ խոսքը, մասնավորապես, փոխադրման թույլտվությունների, արտահանվող կամ ներմուծվող արտադրանքի ծավալների մասին է։ Բեռնափոխադրողները բարձրաձայնում են այդ հարցերը, և գերատեսչությունն իր լիազորությունների շրջանակում փորձում է լուծել դրանք։ Փոխնախարարի խոսքով, հաճախ խնդիրներ են առաջանում Վերին Լարսի անցակետում, հատկապես, ձմռան շրջանում եւ սեզոնային մատակարարումների ժամանակ: Խցանումներից խուսափելու նպատակով անցակետում կատարվում է էլեկտրոնային հերթագրում, որին սպասելիս վարորդներն իրենց մեքենաները կայանում են հատուկ ավտոկայանատեղերում: Փոխնախարարը հաղորդել է, որ վրացական կողմը մինչև ընթացիկ տարվա վերջ - հաջորդ տարվա սկիզբ նախատեսում է ավարտել դեպի "Վերին Լարս" շրջանցիկ ճանապարհի շինարարությունը, ինչը թույլ կտա անցակետն օգտագործել շուրջօրյա ռեժիմով:
Ներկայացնելով արձանագրությունը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է 2006 թվականի նոյեմբերի 6 - ին, իսկ արձանագրությունը՝ 2024 թվականի ապրիլի 15-ին ։ Գործող համաձայնագրի իրականացման գործընթացում առաջացել է ճանապարհային և բնապահպանական հարկերի գանձման հարցում օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիր: Հարցի լուծման համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ մտցնել համաձայնագրում, որոնք կկարգավորեն կողմերի կողմից պետությունների տարածքներում գրանցված տրանսպորտային միջոցները հարկերից և տուրքերից ազատելու արտոնությունների տրամադրման գործընթացը: Վերոնշյալ հարցի լուծման նպատակով էլ ստորագրվել է համապատասխան արձանագրություն, որի կիրառումը թույլ կտա դյուրացնել երկու երկրների միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը և բարձրացնել Հայաստանի տարանցիկ դերը տարածաշրջանում բեռնափոխադրումների կազմակերպման գործում:
Ինչպես սպասվում է, արձանագրության շուրջ քվեարկությունը կանցկացվի մայիսի 8-ին:
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը կրճատվել է 23,6 տոկոսով՝ կազմելով 84,1 մլն դոլար: Մասնավորապես, արտահանումը կրճատվել է 33,2 տոկոսով, մինչև 54,1 մլն դոլար՝ ներմուծման 0,9 տոկոսով կամ մինչև 30 մլն դոլար նվազման ֆոնին: