Արմինֆո.ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներին իր ազդեցության ուղեծիր ներքաշելու կուրսը։ Այդ մասին մայիսի 6-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ ապրիլի 28-ից Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի մասնակցությամբ հերթական հրամանատարաշտաբային զորավարժություններն են անցկացվում: "Եղած տեղեկատվության համաձայն, միջոցառմանը մասնակցում են ռազմական դաշինքի անդամ և գործընկեր 17 երկրներ, այդ թվում ՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Այսպիսով, դաշինքը շարունակում է Հարավային Կովկասի հանրապետություններն իր ազդեցության ուղեծիր ներքաշելու գիծը ", - ասել է նա:
Նրա խոսքով, ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա, քանի որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ցանկացած գործողություն ուղղված է ոչ թե անվտանգության ամրապնդմանը, այլ անկայունության եւ ռազմաքաղաքական լարվածության գոտու ստեղծմանը: Զախարովան հավելել է, որ դաշինքի հիմնական նպատակը հայտնի է. դա տարածաշրջանի երկրների ներուժն ու ռեսուրսներն օգտագործելն է հավաքական Արևմուտքի շահերի համար, հատկապես, ՌԴ - ի հետ աշխարհաքաղաքական դիմակայության մասով:
"Մենք հույս ունենք, որ հիշյալ հանրապետություններում քննադատաբար կմոտենան նման միջոցառումներին մասնակցությանը", - ամփոփել է Զախարովան: