Արմինֆո. Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը նախօրեին ընդունել է «ԵՄ-ն՝ երիտասարդների համար» (EU4Youth) ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող Արեւելյան գործընկերության երկրների պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Հայաստանի պետական գերատեսչությունների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 20 ներկայացուցիչներ:
ԱԺ հաղորդագրության համաձայն, հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Հյուրերն առավելապես հետաքրքրվել են կրթության եւ երիտասարդության քաղաքականության ոլորտներում իրականացվող բարեփոխումներով ու ծրագրերով:
Թագուհի Ղազարյանը մանրամասն ներկայացրել է վերջերս խորհրդարանում ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը եւ երիտասարդների հիմնախնդիրների լուծմանն ուղղված քայլերը:
Պատգամավորի դիտարկմամբ վիճակագրության համաձայն՝ մեծացել է երիտասարդների հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը քաղաքական, մշակութային կյանքին, ինչպես նաեւ նրանց մասնակցությունը երիտասարդական ծրագրերին: Այս համատեքստում նա նշել է, որ Հայաստանն աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարան ունեցող երկրներից է:
Հանդիպման ընթացքում Թագուհի Ղազարյանն անդրադարձել է նաեւ Հայաստանում Երիտասարդական խորհրդարանի գործունեության կարեւորությանը՝ որպես երիտասարդների քաղաքական մասնակցության խթանման արդյունավետ մեխանիզմի:
Քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում` տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները երիտասարդական քաղաքականության ոլորտում:
Նշենք, որ ուսումնական այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի փորձը երիտասարդական քաղաքականության ոլորտում, մասնավորապես՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի մշակման եւ ընդունման գործընթացը: Այս օրենքը համարվում է հաջողված օրինակ տարածաշրջանում, եւ հյուրերը եկել են ծանոթանալու Հայաստանի փորձին: