Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է մտափոխվել Մոսկվա գնալ՝ Կարմիր հրապարակում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը մասնակցելու:
<Հաղթանակի 80-ամյակը նաեւ մեր տոնն է։ Մենք գնում ենք տոնելու ֆաշիզմի նկատմամբ մեր հաղթանակը, ու, թեեւ, ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ այդ իրենք են հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում, "հաղթանակը շատ ծնողներ ունի, իսկ պարտությունը միշտ որբ է" սկզբունքով, մենք իրապես հաղթանակի զոհասեղանին ենք դրել 300 հազար կյանք", - հայտարարել է նա՝ մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում:
Իսկ գնալ Մոսկվա, թե՝ ոչ, դա քաղաքական որոշում է, որի մասին, ինչպես կարծում է Սիմոնյանը, պետք է հայտարարի անձամբ վարչապետը։ Սակայն, նրա կարծիքով, պետք է գնալ։ Ընդ որում, ԱԺ նախագահը չի բացառում, որ Փաշինյանը կարող է "վերջին պահին որոշել չգնալ"։
Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Փաշինյանը հանկարծ նորից «հիվանդանա քովիդով», Սիմոնյանը պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է։ <Հնարավոր է՝ հիվանդանա քովիդով, հնարավոր է՝ բոլորը հիվանդանան կորոնավիրուսով։ Տեսնում եք, որ շատ ղեկավարներ հիվանդացել են, օրինակ՝ Հնդկաստանի, և չեն գնում> - ասել է Սիմոնյանը:
Ընդ որում, նա նշել է, որ նման խոշոր միջոցառումներին մասնակցությունը նաեւ գործընկերների հետ շփվելու հնարավորություն է։ Օրինակ, ինչպես ընդգծել է Ալեն Սիմոնյանը, Ադրբեջանի նախագահը նույնպես մասնակցելու է այդ միջոցառմանը։ Միաժամանակ, Հայաստանի խորհրդարանի խոսնակը վարչապետ Փաշինյանի անվտանգությանն առնչվող խնդիրներ չի տեսնում՝ Մոսկվայում Հաղթանակի շքերթին ներկա գտնվելու դեպքում: "Մի երկրի ղեկավարը մեկ այլ պետության ղեկավարին ինչ-որ բան է ասում. մենք կարծում ենք, որ անվտանգության խնդիր չկա, եթե վարչապետը, այնուամենայնիվ, վերջնականապես որոշի մասնակցել", - եզրափակել է ԱԺ նախագահը: