Արմինֆո. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքային իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Վեհափառ հայրապետն ընդգծել է, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր աթոռ Սուրբ Էջմիածին հայ ժողովրդի համար այս բարդ ժամանակներում ևս մեկ դրսևորումն է հայ-ֆրանսիական բարեկամության և Ֆրանսիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող զորակցության։
Հանդիպմանը հայոց հայրապետն անդրադարձել է Մարսելի քաղաքային իշխանության և հայ համայնքի սերտ գործակցությանը, գոհունակությամբ արձանագրելով, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեծ թվով հայորդիներ ապաստան են գտել նաև Մարսել քաղաքում, որտեղ և կազմակերպել են իրենց ազգային-հոգևոր կյանքը՝ օգտակար ներդրում բերելով երկրի առաջընթացին:
Իր հերթին՝ Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը, շնորհակալություն հայտնելով Նորին սրբությանը ընդունելության համար, անդրադարձել է հայ-ֆրանսիական պատմական առնչակցություններին, կարևորել տեղի հայ համայնքի և ազգային կազմակերպությունների ներդրումն ու շարունակական ներգրավվածությունը քաղաքի զարգացման գործում։ Քաղաքապետ Պայանը նաև հավաստիացրել է, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։