Արմինֆո. Քաղաքագետ, APRI Armenia-ի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը կարծում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կշարունակվի, առնվազն, մեկ տարի, ինչը Հարավային Կովկասի համար նշանակում է ներկայիս ստատուս քվոյի պահպանում: Այդ մասին քաղաքագետը հայտարարել է "Հարավային Կովկասի անվտանգությունը Ռուսաստան - ԱՄՆ երկխոսության համատեքստում" քննարկման ժամանակ։
Պողոսյանի խոսքով՝ 2022 թվականից սկսած Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացման միտում է դիտվում, բայց դա չի նշանակում, որ ՌԴ-ն հեռանում է տարածաշրջանից ։ Հայաստանում է գտնվում ռուսական ռազմակայանը, սահմանի որոշ հատվածներում ծառայությունը շարունակում են ռուս սահմանապահները: "Այնուամենայնիվ, ՌԴ-ի դիրքերը մեր տարածաշրջանում թուլանում են, և, իմ գնահատմամբ, դա հատկապես սուր է սկսել դրսևորվել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության զտումից հետո, ինչը ամենամեծ հարվածն էր Մոսկվայի համար։ Սպասվում է, որ մինչև տարեվերջ Հայաստանի սահմաններն այլևս չեն հսկի ռուս սահմանապահները։ Տարածաշրջանից Ռուսաստանի աստիճանական հեռացումից հետո ամենամեծ արտաքին խաղացողը կդառնա Թուրքիան։ Ռուս-ուկրաինական թատերաբեմում ռազմական գործողությունների պահպանման դեպքում Մոսկվայի դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կշարունակեն թուլանալ", - կարծում է քաղաքագետը, հավելելով, որ տարածաշրջանում թիվ1 խաղացող կդառնա Թուրքիան, իսկ Ռուսաստանը՝ թիվ2 խաղացող։
Սակայն, ինչպես կարծում է քաղաքագետը, եթե Ուկրաինայում պատերազմը մինչև տարեվերջ, այնուամենայնիվ, դադարի, Ռուսաստանը դանդաղ, բայց հաստատ, կսկսի վերականգնել իր սասանված դիրքերը։ "Երեք տարի հավաքական Արևմուտքը փորձում էր թուլացնել Ռուսաստանը, բայց դա նրան այդպես էլ չհաջողվեց, ինչը, ի վերջո, խոսում է ՌԴ-ի ՝ որպես հզոր պետության մասին։ Ուկրաինայում պատերազմի դադարեցման դեպքում Մոսկվան կվերականգնի մեր տարածաշրջանում թիվ 1 խաղացողի կարգավիճակը", - նշել է քաղաքագետը։