Արմինֆո. Հայաստանի կառավարությունը պայմանագիր է կնքել ամերիկյան Mercury Public Affairs լոբբիստական եւ փիար- ընկերության հետ, որը նախկինում ծառայություններ է մատուցել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքին համապատասխան, ԱՄՆ արդարադատության նախարարություն ներկայացված զեկույցի համաձայն, Հայաստանի դեսպանության հետ գործընկերությունը սկսվել է 2025 թվականի ապրիլի 1-ից։
Պայմանագրի համաձայն, Mercury-ն խորհրդատվական ծառայությունների դիմաց ստանալու է ամսական
50 000 դոլար: Ծառայությունների ծավալի մեջ է մտնում նաև Հայաստանի ներկայացումն ու առաջ մղումը՝ որպես Հարավային Կովկասում ԱՄՆ տարածաշրջանային և գլոբալ շահերի գծով կարևոր գործընկեր, ինչպես նաև նրա ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակությունը:
2018 թվից մինչև 2020 թվի հոկտեմբեր Mercury-ն աշխատել է Թուրքիայի դեսպանության հետ, սակայն Երկրորդ արցախյան պատերազմի ժամանակ խզել է պայմանագիրը՝ Ամերիկայի հայ համայնքի ուժեղ դիմադրության պատճառով: Մինչև 2022 թվականի հունվար ընկերությունը նաև շարունակել է աշխատել թուրք-ամերիկյան գործարար խորհրդի (TAIK) հետ, որը գործում է Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի խորհրդի (DEIK) հովանու ներքո: Mercury-ի հետ պայմանագիրը խզելուց հետո DEIK-ը սկսել է աշխատել Actum ընկերության հետ, որը հիմնադրել են Mercury-ի նախկին խորհրդատուները։