Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների Թոմ Լանթոսի հանձնաժողովում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթի նախագահությամբ կայացած լսումների ուշադրության կենտրոնում եղել են Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ցեղասպանության դատապարտումը և Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդների ազատ արձակումը:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), ԱՄՆ Կոնգրեսում "Մարդու իրավունքները Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովից հետո" խորագրով լսումներն արդիակաանացրել են Կոնգրեսի գործողությունները, որոնք ուղղված են հայերի վերադարձին Արցախ, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն, հայ պատանդներին ազատ արձակելուն եւ Ալիեւի ռեժիմի հանցագործություններին ԱՄՆ-ի մեղսակցությունը դադարեցնելուն:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ այդ լսումները անաչառ հայացք են Ադրբեջանի կողմից արցախահայության բնիկների ցեղասպանությանը և հայ պատանդների նկատմամբ շարունակվող բռնություններին:
"Նախագահ Քրիս Սմիթը և վկաներից յուրաքանչյուրը հանդես եկան ճշմարտության, արդարության և ԱՄՆ գործողությունների բարոյական հրամայականի օգտին։ Այդ լսումները հստակ ազդանշան են ուղարկում. խոսքի ժամանակն անցել է. եկել է զգալի պատժամիջոցների, Կոնգրեսի օրենսդրության եւ Բաքվի վրա իրական ճնշման ժամանակը", - հայտարարել է Համբարյանը։
Կոնգրեսական Սմիթն իր ելույթում ընդգծել է Ադրբեջանի կառավարության կողմից պահվող քաղբանտարկյալներին և ռազմագերիներին ազատ արձակելու, հայկական մշակութային ժառանգության պաշտպանության և արցախցիներին իրենց տները վերադարձնելու իրավունքի պահպանման կարևորությունը ՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության և ազատության մեջ ապրելու համար:
Սմիթը նաեւ հաղորդել է Ադրբեջանում ժողովրդավարության մասին օրինագիծը կրկին ներկայացնելու մտադրության մասին, որն ուղղակի քաղաքական եւ տնտեսական հետեւանքներ կունենա Ադրբեջանի վրա մարդու իրավունքների խախտումների եւ ռազմական հանցագործությունների համար:
Սմիթը նաև կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ ԱՄՆ գործող օրենքներին համապատասխան: "Մենք ունենք Մագնիտսկու պատժամիջոցներ, Մագնիտսկու գլոբալ ակտ, որը մենք պետք է վերլուծենք, այնուհետև այդ պատժամիջոցները կիրառենք համապատասխան խախտողների նկատմամբ ամբողջ աշխարհում, ներառյալ Ադրբեջանը", - հայտարարել է նա, հավելելով, որ պետք է սկսել ամենավերևից՝ Ալիևից:
Սմիթը նաև խոստացել է ուժեղացնել ԱՄՆ-ի փոխգործակցությունը ամենաբարձր մակարդակով, որպեսզի հասնի հայ բանտարկյալների ազատ արձակմանը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի կատարած հանցագործությունների համար:
Իր հերթին՝ Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշել է, որ երեք տարվա ընթացքում Ադրբեջանը հաջողությամբ իրականացրել է լիակատար ցեղասպանություն Արցախի ժողովրդի դեմ: "Դա արվել է շրջափակման, ռազմական հարձակումների, մեր առաջնորդների ապօրինի առևանգման, մշակութային ժառանգության ոչնչացման և անխնա հակահայկական ատելության միջոցով ։ 2023 թվականի սեպտեմբերին ես և ևս 120 000 մարդ բռնի տեղահանվել ենք. յուրաքանչյուր հայ էթնիկ զտման է ենթարկվել Արցախում", - նշել է նա ։ Բեգլարյանը մանրամասն ներկայացրել է սեփական հասարակության մեջ հայերի նկատմամբ ատելություն սերմանելու Ադրբեջանի պետական քաղաքականությունը։