Արմինֆո. ՀՀ կառավարությունն ապրիլի 30-ի հերթական նիստում հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջև 2015 թվականի հուլիսի 7-ին ստորագրված շրջանակային համաձայնագրում և կից դրամաշնորհների տրամադրման կանոններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, Հայաստանի Հանրապետությունում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի (այսուհետ` Գլոբալ հիմնադրամ) կողմից ֆինանսավորվող տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված դրամաշնորհային ծրագրերի իրականացումը սկսվել է 2003 թվականին: Ծրագրերն ուղղված են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելմանը, հայտնաբերմանը, հետազոտմանը և բուժմանը, և այդ իմաստով հատկապես նշանակալից է դրամաշնորհային միջոցների հաշվին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով և տուբերկուլոզով ապրող մարդկանց դեղորայքային ապահովումը, ախտորոշիչ նյութերի (թեստերի) և բժշկական սարքավորումների ձեռքբերումը:
2003 թվականից մինչ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է շուրջ 89,3 միլիոն ԱՄՆ դոլար: Ընթացիկ` 2025-2027թթ. «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծրագրերի հզորացում» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի հունվարի 1-ից: Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 9,6 միլիոն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ:
2015 թվականից ի վեր նշված դրամաշնորհային ծրագրերն իրականացվում են Գլոբալ հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված Շրջանակային համաձայնագրի և դրան կից Դրամաշնորհային կանոնակարգի (այսուհետ` Շրջանակային համաձայնագիր) հիման վրա:
2024 թվականի ապրիլի 23-ին Առողջապահության նախարարությունում Գլոբալ հիմնադրամից ստացվել է առաջարկություն` փոփոխություններ կատարելու Շրջանակային համաձայնագրում: Միաժամանակ, Առողջապահության նախարարությունը տեղեկացվել է, որ առաջարկվող փոփոխություններով և լրացումներով համաձայնագրեր արդեն իսկ ստորագրվել են Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերն իրականացնող այլ երկրների հետ, և որ դրանք առանձնահատուկ չեն միայն Հայաստանի Հանրապետության համար:
Նշված փոփոխությունները ուղղված են հստակեցնելու դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված և Շրջանակային համաձայնագրում ամրագրված հասկացությունները, ընթացակարգերը, կարգավորումները:
Համաձայնագրի առաջարկվող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ չեն առաջացնում:
Այն բխում է Կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի թիվ 174-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարության 2.3.2. Վարակիչ հիվանդությունների ոլորտում ռազմավարության նպատակները և դրանց հասնելու ռազմավարական ուղղությունները բաժնի 48-րդ և 49-րդ կետերից: Մասնավորապես, նշված բաժնի 48-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` վարակիչ հիվանդությունների ոլորտում ռազմավարության նպատակներից է Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի, մասնավորապես հիվանդության դեղակայուն ձևերի, արտաընդերային հեպատիտների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը, հիվանդացության և մահացության մակարդակների նվազումը:
49-րդ կետի 3-րդ կետի համաձայն` նշված նպատակին հասնելու ռազմավարական ուղղություն է՝ տուբերկուլոզի, հեպատիտ Ց-ի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերացմանն ուղղված ծրագրերի իրականացում, որոնք ուղղված կլինեն բնակչության խոցելի խմբերի շրջանում հիվանդությունների կանխարգելմանը, նոր դեպքերի ակտիվ հայտնաբերմանը, արագ ախտորոշման նորարարական մեթոդների և բուժման արտահիվանդանոցային մարդակենտրոն ծառայությունների համակարգերի ստեղծմանն ու ներդրմանը, կադրային ներուժի զարգացմանը, հանրային իրազեկման միջոցառումների իրականացմանը, խնդիրների լուծմանը, հասարարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը՝ դրա իրականացման համար իրավական դաշտի ապահովմանը: