Արմինֆո. Ադրբեջանի վարչակազմը քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ է իրականացնում Արցախի ներկա և նախկին պաշտոնյաների, ինչպես նաև քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ, այդ ամենը հայկական ինքնությունը տարածաշրջանից արմատախիլ անելու ավելի լայն ջանքերի մի մասն է: Այդ մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը՝ ԱՄՆ Կոնգրեսում "Մարդու իրավունքներն Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովից հետո" խորագրով լսումների ժամանակ։
Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), իր ելույթում Ռուբեն Վարդանյանի փաստաբանը մատնանշել է բռնաճնշումները, որոնց ենթարկվում են Արցախի ղեկավարությունը և Ադրբեջանում բանտարկված քրիստոնյա հայերը:
"Ռուբենի տեւական բանտարկությունը շարունակում է մնալ Ալիևի դաժանության վառ խորհրդանիշ։ Նրան ցմահ ազատազրկում է սպառնում՝ ավելի քան 40 շինծու մեղադրանքներով։ Նրա նկատմամբ դատավարությունը ծաղր է արդարադատության նկատմամբ. փակ դատավարություններ, փաստաբանի հասանելիության բացակայություն և, նույնիսկ, Աստվածաշնչի մերժում։ Նրան խոշտանգել են հացադուլի ժամանակ։ Եվ նա միայնակ չէ. առնվազն 23 հայ գտնվում է կալանքի տակ շինծու դատավարությունների ընթացքում, և հարյուրավոր այլ անձինք բռնի կերպով անհետանում են", - նշել է նա։
Գենսերն ընդգծել է, որ բռնապետները երբեք ազատ չեն արձակում բանտարկյալներին ինչ-որ մեկի խնդրանքով: "Նրանք դա անում են միայն այն ժամանակ, երբ նրանց հարկադրում են։ Ահա թե ինչու Ադրբեջանում ժողովրդավարության մասին օրենքը, հանրային լսումները, միջազգային ուղղորդումները և իրական պատժամիջոցները վճռորոշ նշանակություն ունեն", - հայտարարել է Գենսերը։
Նա հիշեցրել է, որ 23 հայ պատանդներ, այդ թվում, Արցախի ներկա եւ նախկին առաջնորդներ ապօրինաբար պահվում են Ադրբեջանի բանտերում. Դավիթ Ալավերդյան, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայան, Մադաթ Բաբայան, Լևոն Բալայան, Ռաշիդ Բեգլարյան, Վասիլի Բեգլարյան, Դավիթ Դավթյան, Վիկեն Էուլջեքջյան, Էրիկ Ղազարյան, Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյան, Վագիֆ Խաչատրյան, Ալյոշա Խոսրովյան, գեներալ Դավիթ Մանուկյան, Գարիկ Մարտոսյան, Լյուդվիգ Մկրտչյան, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյան, Մելիքսեթ Փաշայան, Գուրգեն Ստեփանյան, Գևորգ Սուջյան, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյան, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան և Բակո Սահակյան: