Արմինֆո. Հայաստանը մտադիր է վավերացնել «ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը: Հարցը քննարկվել է ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում, որը դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված փաստաթղթի վերաբերյալ:
Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ներկայացնելով արձանագրությունը, Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում են միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը:
Երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների իրականացման ոլորտում առկա է խնդիր՝ կապված ճանապարհային եւ բնապահպանական հարկերի գանձման օրենսդրական կարգավորումների հետ: «ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրների հետ մենք ունենք հետեւյալ հարկային ռեժիմը՝ փոխադրողները բեռնափոխադրում իրականացնելիս երկրների միջեւ ազատվում են տրանսպորտային միջոցի օգտագործումից բխող հարկերից, տուրքերից եւ վճարներից, բացառությամբ այն տուրքերից եւ վճարներից, որոնք ոչ խտրական սկզբունքով գանձվում են նաեւ տվյալ երկրի փոխադրողներից: Արձանագրությամբ առաջարկվում է Ղազախստանի Հանրապետության հետ եւս նման ռեժիմ կիրառել»,- ասել է Արմեն Սիմոնյանը՝ հավելելով, որ արձանագրությունը, որ մշակվել եւ փոխհամաձայնացվել է գործընկեր երկրի համապատասխան մարմինների հետ, ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին:
ԱԺ հաղորդագրության համաձայն, հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով բեռնափոխադրումների՝ ԵԱՏՄ շրջանակում սահմանված կարգավորումներին:
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը կրճատվել է 23,6 տոկոսով՝ կազմելով 84,1 մլն դոլար: Մասնավորապես, արտահանումը կրճատվել է 33,2 տոկոսով՝ մինչև 54,1 մլն դոլար՝ ներմուծման 0,9 տոկոսով, մինչև 30 մլն դոլար նվազման ֆոնին: