Արմինֆո. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հանդես է եկել պարզաբանմամբ՝ ի պատասխան իրեն ուղղված հարցումների:
«Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ վարչապետի այցի առիթով Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ողջույնի խոսքում տեղ գտած արտահայտություններն առաջ են բերել տարընկալումներ մեր հասարակության տարբեր հատվածների մոտ, ցավոք, նաև պատճառ դարձել քաղաքական շահարկումների, հոգևորականի և Եկեղեցու հասցեին վիրավորական որակումների։
Թեմակալ առաջնորդի կողմից արտահայտված որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական և վերագրելի չեն Եկեղեցուն։
Որևէ հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ Եկեղեցու պաշտոնական դիրքորոշում առկա չէ, եկեղեցականները որոշապես պետք է շրջահայացություն և զգուշավորություն դրսևորեն թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար», - ասվում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունում:
Նշենք, որ նախօրեին Հայաստանում հերթական սկանդալն էր բորբոքվել։ Առիթը Փաշինյանին ուղղված Միրզախանյանի ողջույնի խոսքի տեսահոլովակն էր։ Թեմակալ առաջնորդը, մասնավորապես, հայտարարել է. "Մենք աղոթում ենք, որ Հայաստանի հարևանների հետ խաղաղության եւ հաշտության հասնելու ձեր ծրագրերը հաջողությամբ պսակվեն։ Մենք աղոթում ենք, որպեսզի մեր երկիրը քայլեր ձեռնարկի Եվրամիությանն ընդառաջ՝ որպես հավատացյալներ։ Վստահ եմ, որ քաղաքակրթությունը, որը մենք տեսնում ենք այստեղ, մեր երկրի ապագան է այս գեղեցիկ քրիստոնեական միջավայրում: Մենք աղոթում ենք, որ այս հաջողությունները ձեռք բերվեն, որպեսզի Հայաստանը, ինչպես նաև բալթյան երկրները, կարողանա մեր ժողովրդի համար ապահովել լավ, գեղեցիկ ապագա՝ խաղաղ համագործակցության միջոցով":
Մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ և շարքային քաղաքացիներ քննադատել են Միրզախանյանին Փաշինյանի նման ընդունելության համար՝ հաշվի առնելով վերջինիս վերաբերմունքը Եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ: Հնչել են նաև նրան եկեղեցուց հեռացնելու կոչեր։