Արմինֆո. Վրաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում երկխոսության, խաղաղության և կայունության խթանմանը: Այդ մասին ապրիլի 29-ին Երեւանում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ վերջերս Թբիլիսիում Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը դրա վառ ապացույցն է։ Միխայիլ Կավելաշվիլին հույս է հայտնել, որ այդ ձևաչափով աշխատանքը կշարունակվի նաև ապագայում:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: Նախատեսվում է, որ նա այսօր հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Նշենք, որ 2024 թվականի հունվարի վերջին Վրաստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքել։
Վրաստանի նախագահի աշխատակազմի տվյալների համաձայն, Հայաստանը Վրաստանի խոշոր առևտրային գործընկերների տասնյակում է։ Երկրների միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 873,7 մլն դոլար, ինչը 3,5% - ով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։