Արմինֆո. Հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանն ապրիլի 28-ին նամակ են հղել ՀՀ ԱԺ պատգամավորներին՝ կոչ անելով նախաձեռնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, յուրաքանչյուր պատգամավոր, ՀՀ սահմանադրության համաձայն, պարտականություն ունի վերահսկողություն իրականացնել Հայաստանի իշխանությունների գործողությունների նկատմամբ և անձնական պատասխանատվություն է կրում դրա համար: "Եթե մեր պատգամավորները ականջալուր լինեն Փաշինյանի հայտարարություններին և ծանոթանան կառավարության ծրագրերին, ապա կտեսնեն, որ այդ բոլոր ծրագրերը տապալված են ։ Այդ դեպքում նրանք պարտավոր են անվստահության քվե հայտնել նրան", - հայտարարել Է Ղազարյանը։
Լրագրողների ճշտմանը, թե որքանով արդյունավետ կլինի Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը, դիվանագետը համաձայնել է, որ ընդդիմադիր ուժերն առանց "Քաղաքացիական պայմանագրի" աջակցության ի վիճակի չեն որևէ առաջարկ կամ օրինագիծ առաջ տանել: Նա, սակայն, համոզմունք է հայտնել, որ նման նախաձեռնությունները պետք է իրականացվեն անկախ հանգամանքներից և կառավարող կուսակցության կողմից դրանց իրականացմանը խոչընդոտելու փորձից:
"Եթե դիտարկենք իրավիճակը այս տեսանկյունից, ապա ոչ մի նախաձեռնություն իմաստ չունի: Սակայն, իմ կարծիքով, դրանցից յուրաքանչյուրը կարեւոր է ։ Չի կարելի հաաաշտվել առկա իրավիճակի հետ: Պատգամավորները պետական ծառայողներ են, եւ նրանք պարտավոր են կատարել իրենց պարտականությունները։ Իսկ մենք, որպես քաղաքացիներ, իրավունք ունենք պահանջելու նրանցից իրենց պարտականությունների կատարում", - նշել է դիվանագետը:
Ղազարյանը նաև պարզաբանել է, որ իրենց պահանջները չեն վերաբերում միայն ընդդիմադիր պատգամավորներին, սակայն ակնկալում են, որ հենց նրանք կսկսեն իրականացնել այդ գործընթացը: "Մենք չենք ակնկալում, որ ընդդիմադիր պատգամավորները վայր կդնեն իրենց մանդատները։ Մենք հույս ունենք, որ նրանք իրենց պարտականությունները կկատարեն իրենց մանդատին համապատասխան", - հայտարարել է հասարակական գործիչը։
Դիվանագետը, միաժամանակ, խոստովանել է, որ եթե քաղաքական ուժերը վստահ լինեն, որ ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելու դեպքում համամասնական ցուցակի մյուս թեկնածուները չեն զբաղեցնի իրենց տեղերը, ապա կհաջողվի հասնել այն բանին, որ օրենսդիր մարմնում 101-ից քիչ պատգամավոր է նստելու, ինչը կնշանակի, որ խորհրդարանի գործունեությունը կդառնա ոչ լեգիտիմ: "Եթե դա ևս արդյունք չտա, մենք ստիպված ենք լինելու համապատասխան քաղաքական քայլեր և գործողություններ ձեռնարկել", - եզրափակել է Ղազարյանը, չմանրամասնելով, թե ինչ լրացուցիչ քայլերի մասին է խոսքը: